ԵՊԲՀ և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Երեւանի պետական բժշկական համալսարանը և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել: ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ գիտական խորհրդի հանդիսավոր նիստն այսօր նշանավորվել է հուշագրի ստորագրմամբ, ինչպես նաև նշվեց բժշկագիտության անվանի ներկայացուցիչներ, պրոֆեսորներ Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի 120-ամյակները:
Այն ստորագրել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտա-ուսումնական կենտրոնի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիկոս Արամայիս Կամալովը։
Ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ այսօր բուհի համար շատ կարևոր օր է, քանի որ հուշագրի ստորագրմանը զուգահեռ նշվում է նաև համալսարանի ակունքներում գտնվող հիմնադիրների՝ մեծանուն պրոֆեսորներ Ա․ Յ․ Աբրահամյանի և Ք․ Ա․ Պետրոսյանի 120-ամյակները։
Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս հուշագիրը կդառնա նոր, արդյունավետ համագործակցության սկիզբ երկու համալսարանների միջև։
«Այդ համագործակցությունը տարիներ շարունակ եղել է տարբեր մակարդակներում՝ կրթական, գիտական, գործնական»,- ասել է ԵՊԲՀ ռեկտորը։
Արամայիս Կամալովը նշել է, որ շատ հաճելի է կրկին գտնվել պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում, որտեղ տարբեր առիթներով ելույթներ է ունեցել իր գործընկերների հետ։
«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ եղել և միշտ կլինի՝ կրթության, գիտության ոլորտում՝ ապոհովելով հումանիտար կապերը»,- նշել է նա։
Ակադեմիկոսը ներկայացրել է նաև իր ղեկավարած առողջապահական, կրթական հաստատության փորձն ու խոսել բիոբժշակգիտության ոլորտի նորարարությունների մասին։
ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Ֆանարջյանն ծոնաթացրել է ներկաներին բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի մրցանակակիր, ուրոլոգ Արամ Հակոբի Աբրահամյանի կենսագրական մանրամասներին:
Անդրադարձել է նրա մասնագիտական և հասարակական ակտիվ գործունեության մանրամասներին: Անվանի բժիշկ-գիտնականին ճանաչողները գիտեն, որ Արամ Աբրահամյանն անտարբեր չի եղել գեղանկարչության հանդեպ: Ավելին՝ ռուս հեղինակների նրա շուրջ 350 աշխատանք ընդգրկող հավաքածուն նա նվիրել է հայ ժողովրդին, Հայաստանին: Նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է Ռուսական արվեստի թանգարանը:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը ներկայացրել է վնասվածքաբան-օրթոպետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քրիստափոր Հայրապետի Պետրոսյան անցած ուղին: Ավագ գործընկերոջ մասին խոսել է նաև նրա անունը կրող Երևանի Վնասվածքաբանությանև օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Պետրոսյանը:
Նա շեշտել է, որ թե´ Արամ Աբրահամյանը, թե´ Քրիստափոր Պետրոսյանը հայ բժշկագիտության ամենավառ, զարգացած ներկայացուցիչներից են եղել։
Այնուհետև, Նոմինացիոն կոմիտեի նախագահ, Հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը ընթերցել է Գիտական խորհրդի որոշումը, որի համաձայն այսուհետև Մասնագիտական և շարունակական կենտրոնի կլինիկական օրդինատորներն Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի անվան անվանական կրթաթոշակներ կստանան:
Գիտխորհրդի հանդիսավոր նիստին ներկա են եղել անվանի պրոֆեսորների ընտանիքի անդամները, բժշկագիտության, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան