Black Friday. Մի տրվեք գայթակղությանն ու զգոն եղեք
Արդեն մի քանի օր է, հայաստանցիները տարբեր խանութներից ու ընկերություններից հաղորդագրություններ են ստանում։ Նրանք տեղեկացնում են, որ իրենք էլ են միանում «black friday»-ին։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ սև ուրբաթին Հայաստանում առավել շատ գնում են հագուստ և տեխնիկա։
Սև ուրբաթի երեկոյին ընդառաջ, երբ շատերն արդեն նախատեսել են աշխատանքից հետո խանութներ վազել, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հիշեցնում է՝ մոլուցքը լավ բան չէ, պետք է զգոն լինել։
«Սև ուրբաթը որոշ դեպքերում հասնում է մոլուցքի։ Հետազոտություններ կան, երբ օրինակ մարդկանց ասում ես՝ այս քան ժամանակ ծախսի, մասնակցի քայլելու մարաթոնի և կվերցնես ավելի մեծ գումար, մարդը չի մասնակցում մարաթոնին։ Բայց շատ ավելի քիչ գումար խնայելու ակնկալիքով մասնակցում է սև ուրբաթին, որովհետև դա մոդայիկ է, թրենդային է։ Ամենակարևորն այն է, որ սա մոլուցքի չվերածվի»,-Panorama.am-ի հետ զրույցում նշում է սպառողների իրավունքների պաշտպանը։
Հայաստանում այդ մոլուցքը մեծ չէ մի քանի պատճառներով։ Եթե արևմտյան երկրներում այս օրը հրմշտոցներ են լինում, հսկայական հերթեր, իրար ձեռքից ապրանք խլելու փորձեր ու դեպքեր, ապա այստեղ առևտրի աճը շատ մեծ չի լինում։
Պիպոյանի խոսքով, պատճառներից մեկն էլ այն է, որ սպառողը թերահավատ է այդ զեղչերի նկատմամբ։
«Շատ քաղաքացիներ բազմիցս բախվել են այն խնդրին, որ իբր զեղչով իրենց վաճառվել է ապրանք, որը օրեր առաջ առանց զեղչի գրեթե նույն գինն է ունեցել, այսինքն եղել է թվային մանիպուլյացիա»,-նշում է ՀԿ նախագահը։
Զեղչերի վերաբերյալ դիտարկում ՀԿ-ն այլև չի անում, կարծում են՝ ժամանակի անիմաստ կորուստ է, քանի որ Հայաստանում չկա «զեղչ»-ի իրավական սահմանումը, այստեղ օրենսդրության բաց կա։ Այն սահմանված է միայն Հարկային օրենսգրքով, այն էլ վերաբերում է ոչ թե սպառողին, այլ պետության հետ հարաբերություններին։
«Քայլերը պետք է սկսել իրավական դաշտի կարգավորումից։ Մրցակցային մարմինը պետք է ունենար շատ վաճառվող ապրանքների ֆիքսված գներ խոշոր իրացման կետերում, որտեղ առևտուրն առավել ինտենսիվ է եղել սև ուրբաթի շրջանակում։ Կամ առնվազն պետք է ունենար հարցում՝ ուղղված հարկային մարմիններին, արդյո՞ք գների փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվել է նրանց, թե՞ ոչ, ի՞նչ տատանումներ են եղել»,-նշեց նա։
Պիպոյանի խոսքով, զեղչի հաշվարկման համար կարևոր է ունենալ շուկայական միջին գնի վերաբերյալ տեղեկատվություն, որը հաշվարկվում է իրացման ցանցում վեց ամսվա կտրվածքով։
«Իրացման կետում գինը կարող է փոփոխվել վաճառքի նվազագույն կամ միջինացված գնի նկատմամբ, այսինքն եթե վեց ամիս ապրանքն արժե ու վաճառվել է 5 հազար դրամով, ապա կարող ես զեղչ անել, բայց լինում են դեպեքր, երբ ապրանքն արժե օրինակ վեց հազար դրամ, ամիսներ շարունակ այն վաճառվել է 8 հազար դրամ, այս պարագայում զեղչն անիմաստ բան է դառնում, զեղչը պետք է հաշվարկել ապրանքի իրական գնից, ոչ թե տվյալ դեպքում 8 հազար դրամից»,-մանրամասնեց նա։
ՀԿ նախագահի խոսքով, երբ չկան օրենսդրական լուծումներ, պետությունը չի պաշտպանում քաղաքացուն, իսկ բիզնեսն էլ միշտ չէ, որ գործում է հօգուտ սպառողի, ուրեմն քաղաքացին պետք է զգոն լինի։
«Պետք է հնարավորին ճշգրիտ գնահատել իրավիճակն ու հասկանալ, իրականում զեղչի՞ հետ գործ ունենք, թե՞ զեղչի անվան տակ ապրանքի իրացման հետ, որը հնարավոր է վաճառվում է ավելի թանկ, քան նախկինում։ Ընդամենը պետք է հասկանալ մի բան, կամայական ապրանք ձեռք բերելիս պետք է գնահատենք գինը ու այն հենց այսօր ձեռք բերելու առաջնայնությունը։ Պետք է հասկանալ, որ այս օրերին ռիսկն ու գայթակղությւոնը մեծանում են, մի փոքր ավելի զգոն է պետք լինել»,-ընդգծեց Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շահավետ առաջարկ Սև ուրբաթի շրջանակներում. ՎիվաՍել-ՄՏՍ
- Հաքերները «սև ուրբաթ»-ի նախօրեին AliExpress-ի 400 կլոն են ստեղծել
- «Ամազոն»-ի հիմնադրի կարողությունը «սև ուրբաթին» հասել է 100 մլրդ դոլար
- Սև ուրբաթ. Երկու զոհ, չորս վիրավոր
- «Սև ուրբաթի» վաճառքներից օգտվելու հնարավորություն Հայաստանում
- Իսկական «սև ուրբաթ» շատ ամերիկացիների համար. ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ` առևտրի կենտրոն ներխուժող ամբոխի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան