2018 թ-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է Ջեյմս Թրուշարդը
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018 թ-ի դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։ Այս մասին այսօր հայտարարվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հրավիրելով նման հռչակավոր մարդկանց Հայաստան՝ մենք, բացի նրանց մեծարելուց, նաև մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս ՏՏ ոլորտին: Մրցանակակիրները դառնում են մեր դեսպանները ողջ աշխարհում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի համբավը», - ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի իմիջն ու ճանաչողությունը», - ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, Սինոփսիս Արմենիա տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Համաշխարհային ՏՏ մրցանակը, որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկիրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարևոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում և ՏՀՏ համայնքի ու նաև երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը: Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների հանճարները, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը իբրև երկրի մրցակցային առավելություն, այլև երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք-կողքի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մրցանակը հիմնվել է 2009 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական:
Այս տարի տրվող մրցանակը թվով 9-րդն է։ Բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:
Մրցանակաբաշխությունը իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:
Նախորդ տարիների դափնեկիրներն են այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են
«Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» lաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը և «Nest Labs» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հանդիպել է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ
- Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակակրին
- ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը