Իմ երկու ՀԷԿ-երում որևէ խախտում չի հայտնաբերվել. Նաիրա Նահապետյան
«Ես երկու ՀԷԿ ունեմ, ստուգումների արդյունքում դրանցում որևէ խախտում չի հայտնաբերվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը։
Անդրադառնալով ոլորտային խնդիրներին՝ նա շեշտեց, որ ՀԷԿ-երի սեփականատերերը ջրօգտագործողներ չեն, այլ ընդամենը ջրի ուժն օգտագործողներ, քանի որ գետերից որքան ծավալով ջուր վերցնում են՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար, նույնքան էլ վերադարձնում են գետի հուն։ Նաիրա Նահապետյանի խոսքով, այնուամենայնիվ, կան անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնց գործունեությունը մեծապես վնասում է շրջակա միջավայրին, հանգեցնում գետերի չորանալուն։
«Սխալ է սանիտարական թողքերի հարցը։ Այստեղ է խախտումը։ Բայց մի քանի անբարեխիղճ տնտեսվարողի պատճառով չի կարելի ոլորտը ցնցումների մեջ մտցնել»,- ասաց ՀՀ փոքր ՀԷԿ-երի Միության նախագահը՝ հիշեցնելով, որ փոքր ՀԷԿ-երը ամենաէժան էլեկտրաէներգիան են արտադրում։
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երում ջրաչափեր տեղադրելու հնարավորությանը՝ Նաիրա Նահապետյանը տեղեկացրեց, որ բոլոր կայաններն ամեն ամիս Բնապահպանական տեսչությանն են ներկայացնում օգտագործված ջրաքանակի թիվը։
Հարցին՝ այդ դեպքում ինչու է դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երի նկատմամբ քրեական գործ հարուցել, բանախոսն ընդգծեց՝ այստեղ քրեական գործ լինել չի կարող։
«Ջրաչափական սարքերը, որ պահանջում է կառավարությունը, պետք է ինտերնետային կապով առցանց միանան։ Բայց ՀԷԿ-երի մեծ մասը գտնվում է այնպիսի տեղանքում, որ նույնիսկ ինտերնետ չկա։ Մենք այժմ այդ հարցն ենք քննարկում»,- ասաց Նաիրա Նահապետյանը՝ նկատելով որ իր՝ ՀՀԿ անդամ լինելու հանգամանքը չի խանգարում արդյունավետ գործակցել գործող կառավարության հետ։
Լրագրողները նրանից նաև հետաքրքվեցին՝ ընտրություններին ընդառաջ՝ որևէ ձևով աջակցելո՞ւ է հարազատ ՀՀԿ-ին։
«Այս անգամ ոչ մի ցուցակում չկամ, բայց ՀՀԿ-ն լքելու միտք չունեմ։ Որոշել եմ մի քիչ հանգստանալ։ Որոշել եմ այս ժամանակահատվածում քաղաքականությամբ չզբաղվել, հիմա ավելի շատ ժամանակ կհատկացնեմ մասնագիտական ոլորտին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փոքր ՀԷԿ-երի ոլորտում տարիներով կատարվածն այլանդակություն է. Արարատ Միրզոյան
- Փաշինյան. 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ
- ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են ակնառու խախտումներով
- Փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանում ՀԷԿ-երի արտադրված էլեկտրաէներգիան ավելացել է, ՀԱԷԿ-ում` նվազել
- Հայաստանում ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է, ՀԷԿ-երինը՝ աճել
- «ՀԷԿ-երը դարձել են սպառնալիք Հայաստանի տնտեսության համար»