Մարուքյան. Հայտ ենք ներկայացրել երկրորդ տեղի համար
«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է ըստ էության իրականացված հեղափոխության հետ, փակելու ենք այդ ցիկլն ու շարժվելու ենք առաջ»,-հրավիրած ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ 2012-ից ի վեր ասուլիսով հանդես է գալիս քարոզարշավի մեկնարկից առաջ, որոշել են ձևավորված ավանդույթին հավատարիմ մնալ ու քաղաքացիներին տեղեկացնել, քարոզարշավի ընթացքում որտեղ, երբ ու ինչ ձևաչափով իրենց սպասել։
Մարուքյանի խոսքով, դեկտեմբերի 9-ից հետո սկսվելու է կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան, որին մասնակցություն ու ներդրում է ունենալու նաև իր ղեկավարած կուսակցությունը։
««Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած հայտը, այն է ընտրությունների արդյունքներով լինել քաղաքական երկրորդ միավորը, քանի որ առաջինի հարցը լուծված է ըստ էության։ Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են, թե որոնք են մյուս ուժերը, դեկտեմբերի 9-ին նրանք ընտրելու են ընդդիմություն, որովհետև իշխանության հարցը լուծված է։ Հեղափոխության կանոնն է, հեղափոխություն իրականացրած անձը դոմինանտ աջակցություն է ունենում միշտ հեղափոխությունից հետո, և ձևավորելու է մեծամասնություն»,-ասաց Մարուքյանը։
Անդրադառնալով քարոզարշավի՝ իրենց ռազմավարությանը, Մարուքյանն ասաց, օրերը շատ քիչ են, սակայն այդ կարճ ընթացքում փորձելու են ծածկել հանրապետության ողջ տարածքը։
Քարոզարշավն իրականացնելու են երկու ուղղությամբ, երկու խմբով։ Մարուքյանի գլխավորած խումբը կշրջի հանրապետության 47 բնակավայրերում, ցուցակի երկրորդ համարում գտնվող Մանե Թանդիլյանի ղեկավարած խումբը հանդիպումներ կունենա Երևանում։
Կուսակցությունն արդեն պատրաստել է տեղեկատվական թերթիկներ՝ ցուցակի համամասնական ցուցակի, ծրագրի հիմնական դրույթների ու կուսակցության պատմության մասին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լուսավորի’ր Հայաստանը» կարգախոսով, իսկ քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից:
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգայինով կպայքարի Լոռիում, Մարուքյանը՝ Երևանում
- «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի
- Մարուքյանը հրապարակել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը
- Էդմոն Մարուքյանը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան