Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռևս ավագ դպրոցից. Ռալֆ Յիրիկյան
«Նորարար գիտելիքներ փոխանցելով աշակերտին՝ մենք նրան մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս»,- այս մասին այսօր նշել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունների և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրման արարողությունից հետո։
Յիրիկյանը նաև նշել է. «Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռևս ավագ դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ, որպեսզի նաև մենք կարողանանք ընտրել որակյալ կադրեր»։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ևս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում: «Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զագացման առաջնահերթություն, և եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,-նշել է նա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի փոխանցմամբ, Համաձայն հուշագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի է «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրումը, կմշակի, կլրամշակի և կհաստատի այդ առարկաների չափորոշիչները և ծրագրերը, կմասնակցի դպրոցների ընտրությանը, ինչպես նաև կաջակցի դրա հանրային իրազեկմանը: «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը կմասնակցի «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ «Միկրոէլեկտրոնիկա», «Յունիքոմփ» ընկերությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների չափորոշչի և ծրագրի մշակմանը և կիրականացնի այդ առարկաների ուսուցիչների վերապատրաստումը: «Յունիքոմփ» ընկերությունը նաև տեխնիկական աջակցություն կտրամադրի մասնակից ավագ դպրոցների, «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաների և համակարգչային ցանցի սպասարկմանը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կաջակցի ծրագրին՝ նպաստելով նոր գործընկերների ներգրավմանը, ինչպես նաև կիրականացնի ծրագրի մոնիթորինգը և դպրոցների ընտրությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. 2005-2017թթ.ավելի քան 28 միլիարդ դրամի սոցիալական ներդրում` ի նպաստ Հայաստանի զարգացման
- Մինչև երեք հազար որակյալ կադրերի պակաս կա Հայաստանի ՏՀՏ ոլորտում . Հ. Մուսայելյան
- 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտը իր ընտրությամբ կուսումնասիրի 3 առարկա. Ն. Հովհաննիսյան
- Հինգ ավագ դպրոցներում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ»