Սևակ Հովհաննիսյան. Ընտրախախտումների առումով դատախազությունը որդեգրել է ավելի խիստ քրեական քաղաքականություն
Իրավապահ մարմինները վճռական են տրամադրված՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ քվեարկության և քվեների հաշվարկի գործընթացների բնական և հանգիստ ընթացքն ապահովելու, հնարավոր ընտրախախտումները կանխելու, իսկ հանցավոր դրսևորումներ լինելու դեպքում մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչ, Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայայի հետ հանդիպմանը։
Սևակ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծված աշխատանքային խմբի խնդիրն է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի գրանցումն ու հաշվառումը, դրանց ստուգման, նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելը, ինչպես նաև հանրային իրազեկման մեխանիզմներով այդ աշխատանքների հրապարակայնության ապահովումը:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին:
Նշվել է, որ քրեական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը խստացվել են, ինչն ունի առաջին հերթին կանխարգելիչ նշանակություն: Բացի այդ փոփոխությունների արդյունքում ընտրական առանձին հանցատեսակներ այլևս համարվում են ծանր կամ առանձնպես ծանր, ինչը թույլ է տալիս այդ հանցագործության փաստերով իրականացնել օպերատիվ-հետախուզական այնպիսի գործողություններ, որոնք մինչ այդ թույլատրելի չէին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հետաքրքրվել է նաև 2017թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտման դեպքերի քննության արդյունքներով:
Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ քննված բազմաթիվ քրեական գործերով առկա են մեղադրական դատավճիռներ: Դրանցից 5-ով, անհամաձայնություն հայտնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական ակտերի հետ, դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոքներ, որոնցից 4-ը բավարարվել է. բեկանել են առաջին ատյանի դատարանի որոշումները և նշանակել ռեալ ազատազրկում: Սևակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս հարցում դատախազությունը որդեգրել է ավելի խիստ քրեական քաղաքականություն:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդների ¼-ն աշխատելու է Երևանում
- Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արտահերթ ընտրությունները կդիտարկի մոտ 300 հոգանոց դիտորդներով
- Նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը հրավիրել է դիտարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունը