Մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի երեք թիմերի
Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ:
Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին:
Առաջին մրցանակին և 5 մլն դրամ պարգևին արժանացել է «Սուպեր Էնոթեյթ Էյ Այ» (SuperAnnotate AI) նախագիծը:
Երկրորդ և երրորդ տեղերին համապատասխանաբար արժանացած «ՅՈԼՈ» (YOLO) և Սենս թու բիթ (Sense2beat) նախագծերին խրախուսական մրցանակներ են շնորհվել:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպիչներին և մրցանակակիրներին՝ հույս հայտնելով, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը և կներկայանան նաև միջազգային ասպարեզում:
«Ժամանակն է, որ ստարտափն անեք նաև Սիլիկոնյան հովիտում: Իհարկե, 120 թիմի մասնակցությունը մեծ թիվ է, բայց ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի տարիներին 1200 թիմ կմասնակցի: Իսկապես, հոյակապ գաղափար և ծրագիր է: Շատ երիտասարդներ իրենց կյանքի առաջին քայլերն են կատարում, և ձեր օգնությամբ ու Աստծո կամքով մեծ հաջողության կհասնեն»,- նշել է նախագահ Սարգսյանը:
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ոգևորիչ է համարել Հանրապետության նախագահի աջակցությունը: «Հենց միայն փաստը, որ Դուք եղաք մեզ մոտ և դասախոսություն ունեցաք , ինքնին շատ մեծ թռիչք էր մեզ համար: Իսկ այսօրվա մրցանակներն ու դրանցում ամփոփված գաղափարն իսկապես պարտավորեցնող են: Պատրաստ ենք անել ավելին, որպեսզի Հայաստանը կարևոր տեղ գրավի նորարարության քարտեզի վրա»,- նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ ավարտվել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը
- Beeline-ի ՏՏ տնօրենը հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին
- Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները
- «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ընդլայնում է աշխարհագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին