Երբ տեղի ունենա տնտեսական վարքի փոփոխություն, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը. Փաշինյան
«Տեղի է ունեցել քաղաքական վարքի փոփոխություն, և դա լուծել է քաղաքական հեղափոխության խնդիրը, իսկ երբ տեղի ունենա տնտեսական վարքի փոփոխություն, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը՝ սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում իր վճարած հարկը կամ իր կողմից հարկ վճարելու պարտականությունը. ինքը դա վճարում է որպես բե՞ռ, լո՞ւծ, կաշկանդող, իրեն բանտարկող մի բա՞ն, թե՞ ընկալում է դա որպես իր մասնակցություն երկրի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով փոփոխություններին»,- այս մասին նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդաժողովի ժամանակ արծարծվել է նաև ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման հարցը, որի առնչությամբ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Դա մեր ամենակարևոր խնդիրն է, որը եթե լուծման առումով դնենք բնական աճի տրամաբանության մեջ, և եթե նույնիսկ հիմա շատ մեծ հաջողություններ ունենանք, 15-20 տարի հետո նոր կլուծվի, որովհետև 1 տարի հետո ծնված երեխան չափահաս կդառնա ամենաշուտը 18 տարի հետո: Այս առումով իսկապես շատ կարևորում ենք ներգաղթի գաղափարը: Ներգաղթ ասելով նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն: Մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով՝ իրականությունում կտեսնենք նաև կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետև մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք և, գաղափարը, որն ինձ շատ է դուր գալիս, հետևյալն է. ես պատկերացնում եմ, որ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է աշխարհի, սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, ուր մարդիկ գան՝ ամեն մեկն իր հետ բերելով նոր մշակույթ, նոր ըմբռնում, նոր հայացք, նոր միտք, և այդ գործընթացի արդյունքում պետք է ունենանք 1000-ամյա, բայց նորածին և վերածնված մի ժողովուրդ, մի հասարակություն, մի հանրություն»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ, և դա նույնպես պետական կառավարման արդյունավետության թեմային առնչվող խնդիր է: «Բյուջեով կրթության վրա ծախսում ենք այսքան գումար, բայց իրականում ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց ֆինանսավորման հետ իրենց հերթին ֆինանսավորում են բուհեր: Եվ ունենք մի իրավիճակ, որ երբ ուսանողը բուհն ավարտում է և գնում որևէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրան ասում են՝ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է մեր գերատեսչության բուհում սովորես, քեզ դիպլոմ կտանք և այն ժամանակ նոր կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել: Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում ուղղակի չպետք է լինի: Այդ ինստիտուտները պետք է համատեղենք և գիտությունը, հետազոտությունը, կրթությունը նույն ռելսերի վրա դնենք», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տնտեսությունը և քաղաքականությունը պետք է լինեն առաջին հերթին մեր ռազմավարական կարիքները սպասարկող: Այս առումով շատ կարևորում եմ, որ չմոռանանք հետևյալը. մեր ռազմավարական առանցքային խնդիրներից մեկը մեր անվտանգությունն է և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Կա ներուժ, կա հնարավորություն, որ մենք կառուցենք այդպիսի տնտեսություն և երբեք 2 բան չպատճառաբանենք մեր անվտանգության միջավայրով.
1. Մենք պետք է պայմանավորվենք, որ մեր երկրում օրինականության պակասը, ժողովրդավարության պակասը չպետք է պայմանավորենք անվտանգային միջավայրով:
2. Մենք չպետք է մեր տնտեսության զարգանալը պատճառաբանենք դարձյալ անվտանգային միջավայրով, որովհետև հիմա հնարավորությունները ուրիշ են: Հիմա 21-րդ դարն է, տեխնոլոգիական դարը, և տնտեսության զարգացումը հիմնականում առնչվում է մարդկային կապիտալի զարգացման հետ: Մարդկային, ինտելեկտուալ կապիտալը մեր ամենամեծ արժեքն է և ամեն ինչ պետք է սկսենք այդտեղից:
Մեր նպատակը մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունն ապահովելն է, և դա այն քաղաքական խնդիրն է, որն անպայման միասին պետք է լուծենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ազատության և մրցակցային պայմաններում շուկայական տնտեսության նորմերը սկսելու են գործել. տնտեսագետ
- ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող. Նիկոլ Փաշինյան
- Տնտեսության ոլորտում ավելի քիչ արվել է, քան պետք է արվի. Բագրատ Ասատրյան
- Իմ երկու ՀԷԿ-երում որևէ խախտում չի հայտնաբերվել. Նաիրա Նահապետյան
- Արսեն Ղազարյանը համարում է, որ ՀՀ-ում մենաշնորհը վերացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան