Տնտեսության ոլորտում ավելի քիչ արվել է, քան պետք է արվի. Բագրատ Ասատրյան
«Մենք հասել ենք մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի։ Հեղափոխության տակ կային խորքային երևույթներ, որոնցից առաջինը տնտեսության անմխիթար, սարսափելի վիճակն էր։ Տնտեսական համակարգ, որը մի քանի տասնյակ մարդկանց համար էր ծառայում, իսկ հասարակությունը ոչինչ չէր ստանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ նկատելով, որ տնտեսական անբարենպաստ վիճակով պայմանավորված՝ վերջին տասը տարում Հայաստանը լքել է 430 հազար մարդ։
«Վերջին տասը-քսան տարիների ընթացքում մեր տնտեսական քաղաքականությունը սիտուացիոն է եղել, իրավիճակային վճիռներ են կայացվել։ Մենք պետք է համակարգային մոտեցում որդեգրենք։ Մտահոգվել միշտ պետք է, կառավարության առաջին խնդիրը մտահոգվելն է։ Մտահոգություններ պետք է լինեն, և դրանք ունեն պատճառներ, մենք ունենք և ներքին, և արտաքին գործոններ։ Եթե մի նախարար զեկուցի, որ ամեն ինչ լավ է, մի ընդունեք՝ ասեք՝ ո՞րն է ձեր մտահոգությունը։ Ես զարմանում եմ, որ կառավարության անդամներից մեկը չասեց, որ արտաքին ֆոնը վատանում է, բացասական է։ Պղնձի միջազգային գինը վերջին ամիսներին տասը-տասնմեկ տոկոսով անկում են ապրել»,- ասաց Բագրատ Ասատրյանը։
Տնտեսագետը հիշեցրեց, որ ռուսական տնտեսության վիճակը որոշակի ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, իսկ ռուսական տնտեսական աճի տեմպերի նվազում է նկատվում։
«Ռուսական ռուբլու արժեզրկումը տարեսկզբից կազմել է մոտավորապես 14 տոկոս, հիմա պատկերացրեք՝ հայ արտահանողների վիճակը։ Մյուսը տրանսֆերտների գործոնն է։ Մենք տարեսկզբից ունեցել ենք աճ, բայց վերջին երկու ամիսներին մոտ 7-8 տոկոս նվազում ունենք։ Սա էապես ազդելու է ՀՀ տնտեսության վրա, որը և տեսնում ենք։
Ինչ վերաբերում է ներքին գործոններին, ապա մեր ամենամեծ սպասելիքը պետք է լիներ հետհեղափոխական կայունացումը, որն իմ կարծիքով, կա։ Վարկավորման աճն այս իրավիճակի համար աննախադեպ է։ Վերջին ինը ամիսների ընթացքում վարկային ներդրումների 10 տոկոսից ավելի աճ ունենք։ Դրական միտումներ կան, որոնց կառավարությունը պետք է ձգտի որոշակի տեսք, բովանդակություն տալ»,- ասաց Ասատրյանը՝ միաժամանակ նշելով, որ կառավարության ծրագրեր, որպես այդպիսիք, չկան։
Լրագրողները բանախոսին խնդրեցին անդրադառնալ տրանսֆերտները հարկելու հնարավորությանը։
Բագրատ Ասատրյանը նկատեց, որ խնդիրը դրված է եղել դեռ 90-ականներից. «Սոցիալական ուղղվածության եվրոպական երկրները հարկման դաշտում «ազնիվ խոսքի» ինստիտուտի վրա են աշխատում, և այդ ճանապարհով հարկեր հավաքում»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս նման մեխանիզմ ներդրվի, Ասատրյանը դրական պատասխան տվեց՝ շեշտելով, սակայն, որ միայն դա բավարար չէ։
«Ո՞վ ասեց, որ պետք է հարկվի յուրաքանչյուրի 100 դոլարը։ Եթե այդ հարյուր դոլարը չի բավարարում նվազագույն ծախսերին, ընդհանրապես չպետք է հարկվի, չպետք է հարկվի նաև հարյուր դոլար աշխատավարձը։ Հարկ պետք է գանձվի իրական եկամուտից, այլ ոչ թե որևէ աղբյուրից։ Մեզ կայուն հարկային համակարգ է պետք։ Մենք բեռը դրել ենք միայն աշխատավարձի վրա, սա սխալ է, և ստվեր ուղղեցինք բավականին մեծ չափի աշխատավարձեր։ Մեր երկրում շռայլություններ անող մեծահարուստներից ոչ մեկը հարկային ռեժիմի տակ չի ընկնում, ընկնում են աշխատավարձ ստացողները, ինչն այդքան էլ արդար չէ»,- նշեց տնտեսագետը։
Հարցին՝ որտեղ է կառավարությունը թերանում, բանախոսը շեշտեց՝ տնտեսության ոլորտում ավելի քիչ արվել է, քան պետք է արվի, ակնհայտ է, որ էական տեղաշարժեր չեն եղել։ Նա համոզմունք հայտնեց, որ յուրաքանչյուր նախարար պետք է ամիսը մեկ անգամ լուրջ հաշվետվողականությամբ հանդես գա։
«Մենք երեսուն տոկոս աղքատություն ունեցող երկիր ենք, բայց իրականությունն այլ է»,- ասաց Բագրատ Ասատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իմ երկու ՀԷԿ-երում որևէ խախտում չի հայտնաբերվել. Նաիրա Նահապետյան
- Արսեն Ղազարյանը համարում է, որ ՀՀ-ում մենաշնորհը վերացել է
- Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. փոխվարչապետը՝ «խոպանչիներին հարկելու» մասին
- Հիմա պաշտոնյաններն այն վիճակում են, որ ինչքան շատ «քերեն», այնքան լավ. Տնտեսագետը՝ տրանֆերտների հարկման մասին
- Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար
- Տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան