Ոստիկանությունը ռուսաստանցի գործարարի մեքենաները տարել է անհայտ ուղղությամբ
Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթի ընթացքում Ռուսաստանի քաղաքացի, գործարար, հայաստանյան «Նավթոգազ» ՍՊԸ-ին պրոպան գազ մատակարարող Սերգեյ Ֆեդոտովը նամակ հանձնեց օգնականներից մեկին, որպեսզի հետագայում այն փոխանցեն վարչապետի պաշտոնակատարին։ Նամակը ընկերության ներկայացուցիչները նաև տրամադրել էն Panorama.am-ին։
Ռուսաստանցի գործարարը Հայաստանում ոստիկանության գործողությունների պատճառով լուրջ խնդրի առաջ է կանգնել։
Ինչպես պատմեց «Նավթոգազ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Էրիկ Հայրապետյանը, երեկ ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցները կոտրել են գազի փոխադրում իրականացնող երկու բեռնատարների (газовоз) փականները, Բալահովիտի «Գոշտրանս» վճարովի կայանատեղիում կանգնած մեքենաները տարել են անհայտ ուղղությամբ։ Դրանց որտեղ լինելու մասին չգիտեն ոչ ընկերությունում, ոչ էլ դրանց սեփականատեր Ֆեդոտովը։ Ընդ որում, մեքենայի մեջ եղել են վարորդի փաստաթղթերն ու անձնական իրերը։
Իսկ մինչ այդ մեքենաներն օրեր շարունակ կնքված են մնացել։
Ոստիկանության հետ առաջացած խնդրի պատճառով ընկերությունը վնասներ է կրում, մեքենաներով գազ չի փոխադրվում, ինչի հետևանքով ընկերության չորս գազալցակայանները հարկադիր պարապուրդի են մատնված։
«Մի ամիս է արդեն՝ մեր գազալցակայանները չեն գործում, բեռ չենք կարողանում ստանալ»,-ասում է ընկերության ներկայացուցիչը։
Հայրապետյանի խոսքով, մեքենաները երկու տարի առաջ գործարարը ձեռք է բերել Ղազախստանի քաղաքացի Կարեն Բարսեղյանից։ Երբ ռուսաստանցին գնացել է Ղազախստան, որպեսզի հաշվառումից հանի մեքենան, պարզվել է մեքենաների վրա կալանք է դրված։
Մեքենաների համար Ֆեդոտովը փոխանցել է 100 հազար դոլար գումար, որից 65 հազարը՝ բանկային փոխանցումով, մյուս մասը՝ առձեռն այլ մարդկանց ներկայությամբ։ Պայմանավորվել են, ըստ Հայրապետյանի, մնացած 30 հազար դոլարը փոխանցել, երբ մեքենան հաշվառումից հանվի։
Իսկ մինչ այդ, որպեսզի կարողանա օգտագործել մեքենաները, Ֆեդոտովն առաջարկել է Ղազախստանի քաղաքացուն՝ Կ. Բարսեղյանին գրավոր լիազորագիր տրամադրել, որի հիման կկարողանա Ռուսաստանում ժամանակավոր հաշվառման կանգնեցնել ու պետհամարանիշ ստանալ։ Ղազախստանի քաղաքացի հանդիսացող հայն այդպես էլ արել է, Վլադիկավկազում հանձնել են ղազախական պետհամարանիշները, ստացել ռուսականը։ Այդ մեքենաները այդ պետահամարանիշներով երկու տարի շարունակ հեղուկ գազ են տեղափոխել Ռուսաստանից Հայաստան։
«Ղազախստանցին մոտ չորս ամիս առաջ գնացել է Վլադիկավկազ, որտեղ ապրում է Սերգեյ Ֆեդոտովը, բողոք է գրել, իբր խաբեությամբ են մեքենաներն իրենց վերցրել։ Այնտեղ տեսել են, որ քրեական գործ չկա, փակել են, տվել են որոշումը, բայց մինչ այդ հարցում են արել ճանապարհային ոստիկանություն։ Էդ նույն բողոքը Ղազախստանի քաղաքացին նոյեմբերի 5-ին եկել է ու գրել է ոստիկանության Աբովյանի բաժնում։ Այստեղ առանց Սերգեյ Ֆեդոտովի կողմից որևէ փաստաթուղթ ներկայացնելու, եկել են ու մեքենաները պլոմբել։ Երեկ էլ առանց իրեն տեղեկացնելու եկել են, մեքենայի դռները ջարդել են։ Առանց որևէ գրության, տեղեկացնելու մեքենաները տարել են։ Ֆեդոտովը դիմել է ՀՀ դատախազություն, Հայաստանում ՌԴ դեսպանություն, դեռ արձագանք չկա։ Երեք օր առաջ եկավ Բյուրեղավանի միլպետը՝ Գրիգորյան ազգանունով, մոտեցավ Ֆեդոտովին, ասաց բանալիները տվեք, որ տեղափոխենք հատուկ պահպանման տարածք։ Նա պատասխանեց՝ կտանք, մեր վարորդներն էլ կտանեն հարկ եղած տեղը, բայց գրավոր թուղթ ներկայացրեք, թե ինչի հիման վրա է արվելու։ Ասեց՝ երկու ժամից գրավոր թուղթը կուղարկենք։ Մինչև այսօր այդ մարդուն ոչ մի պատճառ, ոչ մի հիմք չեն ներկայացրել։ Երեկ եկել տարել են, առանց մեզ տեղեկացնելու, չգիտենք որտեղ են, ոնց որ գողություն»,-մանրամասնեց Հայրապետյանը։
Ոստիկանություն բողոք ներկայացրած Կարեն Բարսեղյանը հայտարարել է, որ լիազորագիրը չեղյալ է համարվել։
«Ղազախստանում գնացել է նոտար, առանց Սերգեյ Ֆեդոտովի չեղյալ է համարել, դա էլ անօրինական է։ Հիմա մեր ռուս գործընկերն ասում է, բերեք իմ 100 հազար դոլարը տվեք, ձեր մեքենաները տարեք»,-պատմեց Հայրապետյանը։
Վերջինը ոստիկանության գործողություններն անօրինական է համարում, կարծում է, որ այս ամենը միտումնավոր է արվում, ինչ-որ մեկը «կռիշավատ է անում հարցին», խնդրին միակողմանի մոտեցում է ցուցաբերվում։
Ռուսաստանցի գործարարն արդեն փաստաբան է վարձել, դատարան է դիմել, մեքենաները կնքելու որոշումը վիճարկել։
Panorama.am-ը պատրաստ է հրապարակել հարցի վերաբերյալ իրավապահ մարմինների արձագանքը։