Շաբոյան. Տեղի է ունեցել խոշոր տնտեսվարողների մասնաբաժինների կրճատում
«2018 թվականին մեր երկիրը մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է արձանագրել»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով տարեկան գործունեության հաշտետվությունը։
Նա հայտնեց, որ համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով, Հայաստանը 2018 թվականին մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն։
«Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավվման արդյունքում, տնտեսվարողների թվաքանակի ավելացման արդյունքում տեղի է ունեցել խոշոր տնտեսվարողների մասնաբաժինների կրճատում»,- ասաց Շաբոյանը։
Նա, մասնավորապես, ներկայացրեց «Ալեքս հոլդինգ» մասնաբաժնի կրճատումը մի շարք ապրանքային շուկաների ուղղությամբ։
«Ալյուրի շուկայում «Ալեքս հոլդինգ»-ի մասնաբաժինը 38 տոկոսից նվազել է 5-ի, կարագի շուկայում կրկին նրա մասնաբաժինը նվազել է՝ 74 տոկոսից դառնալով 49: Շաքարավազի շուկայում այս գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94 տոկոսից 78-ի, ձեթի շուկայում ՝ 29 տոկոսից նվազել է 20 տոկոս, բանանի շուկայում՝ է 92 տոկոսից հասել է 56-ի»,- ներկայացրեց Շաբոյանը։
ՏՄՊՊՀ նախագահը նաև նշեց, որ 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, իսկ 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից հասել է 62-ի։
Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորում իր պաշտոնավարման շարունակականությունը այս իշխանաության ժամանակ, Շաբոյանը պատասխանեց. «Ես նույն ոգով, նույն եռանդով շարունակում եմ աշխատել, մենք քաղաքական գործընթացների հետ չենք առնչվում և բարեխղճորեն շարունակում ենք աշխատել: Իմ պաշտոնավորման հետ կապված որևէ արտառոց երևույթ չկա, ես ավելի քան քսան տարի պետական կառավարման համակարգում եմ աշխատում և սկսել եմ ստաժորից։ Ես երբեք պաշտոնից կառչած չեմ եղել, համաձայն օրենսդրության, Սահմանադրության վարչապետը կարող է նոր թեկնածու ներկայացնել և վարչապետը ցանկացած պահի կարող է դա անել: Նորմալ մարդու համար պաշտոնը մեծ բեռ և պատասխանատվություն է ներկայացնում»։
Մեկ այլ հարցի, թե տնտեսվարողների թիվ աճը, մեծածախ գների նվազումը ինչ ազդեցություն է ունեցել սպառողական գների վրա, նա պատասխանեց, որ գների կարգավորում և վերահսկողություն չի իրականացնում և միայն բարձր կենտրոնացվածություն ուենցող շուկաներին է առնչվում որտեղ գերիշխող դիրք ունեցողներ կան. «Գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ հետևաբար, մրցակցային գործոնը կարող է այդ գործոննեից ընդամենը մեկը լինել»։
Հարակից հրապարակումներ`
- Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285, իսկ բանանինը՝ 480 դրամ. Շաբոյան
- Գործարար. Բանանի մաքսավճարի իջեցում չի եղել
- Բանանի շուկայում գները շուրջ 200 դրամով նվազել են, ինչը արդար մրցակցության միջավայրի արդյունքն է. ՊԵԿ
- Շաբոյանը վստահեցնում է, որ բանանի շուկայում մուտքի խոչընդոտներ չկան