Փաշինյան. Կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու Մերձավանում
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա: Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, ընտրություններից հետո պետք է լինի հստակ ժողովրդի ընտրած ուժեղ կառավարությունը»,- այսօր համաերևանյան քայլերթի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը մեկ, մեկուկես տարվա կյանք է ունենալու Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, որ Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ»։
Խոսելով Արցախում սպասվող ընտրությունների և այնտեղ հեղափոխության անհրաժեշտությունից, նա ասաց, որ ինքը լիարժեք աջակցություն է հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ:
«Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասաց Փաշինյանը։
Հարցին, թե հանրությունը ընտրություններից հետո ի՞նչ պետք է ակնկալի, Փաշինյանը պատասխանեց. «Տնտեսական հեղափոխություն»։
Անդրադառնալով Արգածատոնի մարզում հայտարարած 500 մլն դոլարի ներդրումներ ակնկալելու մասին իր հայտարարությանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, «Եթե ամեն ինչ նորմալ լինի, իսկ ամեն ինչ նորմալ կլինի, կարծում եմ՝ կտեսնենք: Դրանք ընթացքի մեջ են, մենք աշխատում ենք, որ իրականություն դառնան: Արդեն մի քանի քայլ արվել է, կարծես ամեն ինչ լրջանում է»։
Նա նշեց, որ կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու Մերձավանում և հույս հայտնեց, որ հեռուստացույցների և կենցաղային իրերի հայկական բրենդը հաջողություն կունենա:
«Շիրակի մարզում բացվելու է տեքստիլի նոր գործարան: Անշարժ գույքի շուկայում աննախադեպ մեծ ակտիվություն է: Այսպես շարունակվելու պարագայում շինարարության, տեսքտիլի և արտադրության ոլորտում նոր վերելք է սկսվելու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ով քնած է, արթուն կացեք». Փաշինյանի երթը
- ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյան. 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ
- Փաշինյան. Մտադիր չենք անտեսել հանքարդյունաբերությունը
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին