Հեղափոխությունը տարածաշրջանային մետամորֆոզների համար նոր հնարավորություններ բացեց. ԱԽՔ քարտուղար
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ոչ միայն ներքաղաքական իրավիճակը փոխեց, այլ նաև նոր հնարավորություններ բացեց տարածաշրջանային մետամորֆոզների համար»,-«2018. Հարավային Կովկասի համար բեկումնայի՞ն տարի» միջազգային կլոր սեղանի ժամանակ այսօր ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ասվածի համատեքստում հատկապես կարևոր է Արցախյան հարցում լարվածության թուլացումը, որն արդյունք է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանավոր բանակցությունների։ Հեղափոխությունից հետո շփման գծում մենք աննախադեպ հանգիստ վիճակ ենք արձանագրում»,- ասաց նա։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ԱԽՔ քարտուղարը նշեց, որ բարձր մակարդակով այդ հարաբերությունները շարունակում են զարգանալ և խորանալ։
Ինչ վերաբերում է հայ-վրացական տնտեսական հարաբերությունններին, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը զգալի մեծացել է. «Ընդհանուր առմամբ, տարին կարելի է բեկումնային համարել»։
Խոսելով իր ռուս գործընկերոջ՝ Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման մասին՝ ԱԽՔ քարտուղարն ասաց, որ վերջինիս հետ հանդիպել է երեք անգամ, առաջին հանդիպումը նա գնահատեց ճանաչողական, իսկ ահա երկրորդ և երրորդ հանդիպումներն՝ արդեն աշխատանքային։
Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջև կապերն ակտիվորեն զարգանում են, մասնավորապես աշխատանքային պլաններ կան ինչպես 2019, այնպես էլ արդեն 2020 թվականի համար։
«Սա հարաբերությունների զարգացման համար կարևոր գործոն է։ Կան դրական միտումներ, և բանակցությունների ընթացքում քննարկված հարցերից որոշներն արդեն լուծում են գտնել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ՌԴ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունացնող դեր ունի. թուրքագետ
- Փաշինյան. Թավշյա այդ հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլև արժեքների
- Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու. վարչապետ
- Նիկոլ Փաշինյանը պատմել է՝ ինչու Պուտինը չմիջամտեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը
- «Թավշյա հեղափոխության» գինը. «Առավոտ»