Ձեր հետևողական ու անաչառ աշխատանքը պահանջված է մեր պետության ու ժողովրդի համար. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարոչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ:
Պատասխանատվությունն ու արհեստավարժությունը, սկզբունքայնությունն ու նվիրվածությունը ձեր գործին և հայրենիքին հանդիսանում են ձեր ամենօրյա բարդ ու դժվարին ծառայության անբաժանելի մասը և օգնում են ձեզ արդյունավետորեն կատարելու ձեր պարտականությունները պետության ու հասարակության շահերի պաշտպանության, օրինականության պահպանման, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպման ուղղությամբ:
Ձեր հետևողական ու անաչառ աշխատանքը պահանջված է մեր պետության ու ժողովրդի համար՝ որպես երկրի բնականոն կենսագործունեության ապահովման կարևոր ուղղություններից մեկը: Այն գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն համակարգի աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման նպատակով:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ծառայության մեջ»: