Մադրիդյան սկզբունքներն առաջարկում են հիմնախնդիրը լուծել ՀՀ և ԼՂՀ հաշվին. Վաղարշակ Հարությունյան
«Մադրիդյան սկզբունքները իրենցից որևէ նոր բան չեն ներկայացնում։ Դրանք սկզբունքներ չեն, այլ համաձայնություններ»,- «2018. Հարավային Կովկասի համար բեկումնայի՞ն տարի» խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղաշակ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։
«Այնտեղ հստակ գրված է՝ կրակի դադարեցում, ուժերի հետքաշում, խաղաղապահների ներդրում, միջանկյալ կարգավիճակ, այնուհետև՝ հանրաքվե։ Երբ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչում է այստեղ քաղաքական ենթատեքստը, ամեն ինչ շատ պարզ է։ Աշխարհաքաղաքական շահեր հետապնդող երկրները հայկական կողմին առաջարկում են հողեր հանձնել, այն հողերը, որ ազատագրել ենք արյամբ։ իսկ Ադրբեջանն ինքն է դրդել մեզ նման քայլի գնալ։ Մադրիդյան սկզբունքներն առաջարկում են հիմնախնդիրը լուծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հաշվին։ Դա ակնհայտ է և պարզ»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Վաղարշակ Հարությունյանի խոսքով, եթե հայկական կողմը հողեր հանձնի, Արցախի կողմից Ադրբեջանի հետ շփման գիծը կրկնակի կմեծանա, ինչն իր հետ կբերի զենքի, մարդկային ռեսուրսի անխուսափելի ավելացում, տնտեսական լրացուցիչ ներուժ։
«Եթե մենք շրջաններ հանձնենք, ապա Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Հադրութը հասնալի են դառնում հակառակորդի հրետանու կրակի համար, մենք հարվածի տակ կդնենք խաղաղ բնակչությանը, կկորցնենք կարևորագույն ճանապարհներ, բարձրունքներ։ Փոխարենը ոչինչ չենք ստանա, կամ կստանանք հավասարակշռության խախտում՝ հօգուտ Ադրբեջանին։ Եթե այդ երկիրն այսօր չի գնում զիջումների, ինչպես կգնա այն բանից հետո, երբ գիտակցի, որ կարող է վերցնել Ստեփանակերտը»,- հարց ուղղեց բանախոսը։
Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, երբ Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղը, Զանգեզուրը և անգամ Երևանն իրենն են, հողեր հանձնելու մասին խոսք անգամ չի կարող լինել։
«Քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել երկու պայման՝ հրադադարի ռեժիմի մեխանիզմ, և Արցախի՝ որպես բանակցային կողմի ներգրավման, որևէ զիջման մասին խոսք չի կարող գնալ։ Նոնսենս է, որ Ադրբեջանը պատերազմում է Արցախի, սակայն բանակցում է Հայաստանի հետ։ Եթե անգամ մենք Երևանում որոշում ընդունենք շրջաններ հանձնել, Ղարաբաղում չեն համաձայնի, որովհետև դա նրանց կյանքն է։ Ղարաբաղն Ադրբեջանին պետք չէ որպես բնակչություն, կամ որպես ինքնավարություն, այլ զուտ որպես տարածք»,-ասաց նախկին նախարարը։
Ներկաները Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ինչու մինչ այժմ բացահայտ կերպով չեն բարձրաձայնվում տվյալներն այն մասին, որ Թուրքիան մասնակցություն է ունեցել ոչ միայն Արցախյան պատերազմում, այլ նաև՝ մինչ օր ադրբեջանական բանակը զինելու գործում։
Նախկին նախարարը այս հարցում լռություն պահպանելը մեծ թերացում համարեց. «Ոչ թե Ադրբեջանն է այսօր Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը, այլ Թուրքիան, որովհետև հենց Թուրքիան է որոշում Ադրբեջանի քաղաքականությունը և զինում նրան, ադրբեջանցի սպաները վերապատրաստվում են Թուրքիայում։ Ես համաձայն եմ, որ մենք թերագնահատում ենք Թուրքիայի դերը»։
Անդրադառնալով Նախիջևանին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց՝ ակնհայտ է, որ այն նեոօսմանիզմի գաղափարախոսության իրացման ռազմադաշտ է, աշխարհաքաղաքական լուրջ բաղադրիչ։
Հարակից հրապարակումներ`
- Հեղափոխությունը տարածաշրջանային մետամորֆոզների համար նոր հնարավորություններ բացեց. ԱԽՔ քարտուղար
- ՀՀ-ՌԴ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունացնող դեր ունի. թուրքագետ
- Մադրիդյան սկզբունքները նոր իշխանությունների կողմից չեն մերժվել. Ալավերդյան
- Մադրիդյան սկզբունքներն ունեն իրենց հստակ տեղը. Զոհրաբ Մնացականյան
- «ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ առաջարկները Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական են»
- «Մադրիդյան սկզբունքները մեռած փաստաթուղթ են». քաղաքագետ