ՌԴ Գեղարվեստի ակադեմիայում տեղի կունենա հուշ երեկո՝ նվիրված Արա Հարությունյանին
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Սպիտակ դահլիճում կայանալու է հուշ երեկո՝ նվիրված քանդակագործ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Հարությունյանի 90-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Երեկոյի ընթացքում ներկայացվելու է Արա Հարությունյանի աշխատանքները, նաև ցուցադրվելու է «Քանդակագործ Արա Հարությունյանը» (1976 թ.) վավերագրական ֆիլմը։ Երեկոյի կազմակերպիչն է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունն ու Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան։
Արա Հարությունյանը ծնվել է Երևանում 1928 թվականին։ 1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1955–1966 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1974 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Դիպլոմային աշխատանքի թեման եղել է Կոմիտասի մահարձանը, որ տեղադրված է Կոմիտասի անվան պանթեոնում: 1955 թվականին դարձել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1964 թվականից՝ ՀԽՍՀ նկարիչների միության նախագահության անդամ, իսկ 1977 թվականից՝ վարչության անդամ։ Նույն թվականին արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմանը: 1988 թվականից Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1988 թվականին ընտրվում է ԽՍՀՄ և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ և ստանում պրոֆեսորի կոչում։ Գրաֆիկական և պլաստիկ արտահայտչամիջոցներով Արա Հարությունյանը ստեղծել է մոնումենտալ ձևերի մեջ ընդհանրացված կերպարներ։
Արա Հարությունյանն առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի մուտքի հարթաքանդակները, 1966, Գաբրիել Աունդուկյանի հուշարձանը, 1972, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը, 1976, երեքն էլ՝ տուֆ, Երևան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր (1968, տուֆ, բազալտ, Արմավիրի մարզ)։
Հեղինակ է նաև հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների (Էրեբունի թանգարան, հարավային (Առյուծի որս) և հյուսիսային (Խալդ աստված) ճակատներ, 1968, տուֆ), Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ և այլն։
Արա Հարությունյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Ռուսական արվեստի (Սանկտ Պետերբուրգ) թանգարաններում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1963, 1982), Մոսկվայում (1983, 1995):
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան