ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որպես խորհրդանիշ ընտրել է մանդարինը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց Երևանի Մաշտոցի պուրակում:
«Կուսակցության հիմնադիր մասն այն մարդիկ ենք, ովքեր Մաշտոցի պուրակի համար էին պայքարում»,- լրագրողներին ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու, կենսաբանական գիտությունների թեկնածու Արեգ Թադևոսյանը։
Նախընտրական շրջանում կուսակցությունն իր համար խորհրդանիշ է ընտրել մանդարինը։ Թադևոսյանի խոսքով, այն թարմություն է բերում։
«Մեր քաղաքական դաշտին թարմություն է պետք։ Մեծ հույսեր ունեմ, համոզված եմ՝ այդ թարմությունը մենք բերելու ենք։ Այն նաև միասնականության սիմվոլ է։ Որպես միասնականության սիմվոլ Հայաստանում նուռն են օգտագործում։ Կարծում ենք՝ մանդարինը շատ լավ բնութագրում է. երբ բացենք, կհասկանանք՝ հավասար բաժանվելու, միասնական լինելու, համերաշխ լինելու սիմվոլ է։ Նաև Նոր տարվա, տոնական տրամադրություն է առաջանում»,- բացատրեց կուսակցության ներկայացուցիչը, թե ինչու են հենց մանդարինն ընտրել։
Նա նշեց, որ մարտական են տրամադրված, այսօր Երևանում երթ կանեն, քաղաքացիներին կբաժանեն իրենց կուսակցության տեղեկատվական թերթիկները, կհյուրասիրեն մանդարին, հիմնական աշխատանքը սպասվում է առաջիկա 11 օրերին։ Արեգ Թադևոսյանն ասաց, որ եթե խորհրդարանում տեղ չունենան, դա իրենց համար որևէ առանձնահատուկ նշանակություն չի ունենա։
«Մենք այն կուսակցություններից չենք, որ ձևավորվում են ընտրությունների մերձակայքում, հենց այնտեղ էլ ոչնչանում, չորանում, դնում սառնարանում մինչև հաջորդ ընտրությունները։ Մենք միաժամանակ երկու պրոցես ենք վարում։ Առաջնայինը մեզ համար սա չէ։ Իհարկե, մասնակցում ենք ընտրություններին, ներկայացնելու ենք մեր ծրագիրը, բայց հիմնական պրոցեսը, որ մենք վարում ենք արդեն 6-7 ամիս, կուսակցաշինության պրոցեսն է։ Պատրաստվում ենք երկարաշունչ, երկրով մեկ լուրջ ծրագրային դրույթների մշակմամբ կուսակցաշինության պրոցեսով զբաղվել։ Եթե հայտնվենք խորհրդարանում, ապա դա կակտիվացնի մեր աշխատանքը, շատ ավելի գործիքներ կտրամադրի, եթե ոչ, նույն ոգևորությամբ շարունակելու ենք»,- ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորության թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան. Արմեն Սարգսյան
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
- Քարոզարշավի նախօրեին այցելել եկեղեցիներ. Մայր Աթոռ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում