Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
Այսօր՝ նոյեմբերի 26-ին պաշտոնապես մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք, 9 կուսակցություն։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվանից արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար: Այսօր նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հանդիպումներ կունենա Արագածոտնի և Շիրակի մարզերի բնակավայրերում՝ Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում։
«Լուսավոր Հայաստան»-ն իր քարոզարշավը սկսում է Հայաստանի հարավից՝ Սյունիքից։ Նրանք հանդիպումներ կունենան Ագարակում, Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Գորիսում։
Հանրապետական կուսակցությունը մինչ քարոզարշավի մեկնարկը երեկ մատաղ է արել Մուղնու եկեղեցում։
«Հետևելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հորդորին, կուսակից ընկերներով ու մեր ընտանիքներով Մուղնիի Սբ Գեւորգ եկեղեցում մասնակցեցինք կիրակնօրյա պատարագի։ Մի քանի ժամից արդեն կմեկնարկի քարոզարշավը: Սա մեր երկրի ապագայի ընտրությունն է, հանուն անվտանգության, ազգային ինքնության պահպանման ու կայուն զարգացման»,-գրել էր Վիգեն Սարգսյանն իր կայքում։
«Սասնա Ծռեր» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարելու է Ազգային Ժողովի այգում՝ դարպասների մոտ հրավիրվող մամուլի ասուլիսով։
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը իր քարոզարշավի մեկնարկը կտա Էջմիածին քաղաքից։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում հանդիսավորությամբ մեկնարկի արարողություն տեղի կունենա, որից հետո քարոզարշավը կշարունակվի Էջմիածին քաղաքում, Արմավիրում և մարզի բնակավայրերում։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրարշավը կմեկնարկի Մաշտոցի պուրակից։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մամուլի ակումբներից մեկում ազդարարելու է նախընտրական քարոզարշավի սկիզբը, կուսակցության ներկայացուցիչները պատասխանելու են լրագրողների հարցերին։
ՕԵԿ-ը քարոզարշավը կսկսի այսօր կեսօրին՝ կուսակցության կենտրոնական գրասենյակից, ապա շարժվելու են դեպի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցի։
«Մենք» դաշինքը քարոզարշավը կմեկնարկի Տավուշից։
Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին ժամը 24։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավի նախօրեին այցելել եկեղեցիներ. Մայր Աթոռ
- ԿԸՀ-ն ասում է՝ քարոզչությունն իրավաչափ է
- Ահազանգ. Փաշինյանի թիմը խախտում է Ընտրական օրենսգիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում