Գերմանիայում անցկացված ցուցահանդես-տոնավաճառում այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի խաչքարագործության հանդեպ
Գերմանիայի Դաշնության Լայպցիգ և Վեյմար քաղաքներում անցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր» ծրագրերի համակարգողների և «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրերը կրող համաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը:
«Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով խորհրդաժողովն անցկացվել է հին շինությունների և հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը նվիրված Եվրոպական առաջատար ցուցահանդեսի շրջանակում` Եվրոպական ժառանգության տարվա համատեքստում:
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցուցահանդեսի օրերին «Դենկմալ» – Հին շնությունների կոնսերվացիայի, վերականգնման և վերանորոգման Եվրոպայի առաջատար ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացնել խաչքարագործության մասին առանձին ստենդով ու վարպետության դասով: Հայկական պատվիրակության հետ Գերմանիա էր մեկնել նաև ՀՀ ժողովրդական վարպետ Վարազդատ Հարությունյանի խաչքարագործության դպրոցի ներկայացուցիչ Գարիկ Հովհաննիսյանը: Մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսնելու խաչքարգործության մասին տեսաֆիլմ: Խոսվել է նաև Ջուղայի գերեզմանատան հայկական խաչքարերի ոչնչացման և մշակութային ցեղասպանության մասին:
Այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի պատմության, մշակույթի և խաչքարագործության մասին, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ գործակցության ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:
Քննարկվել են նաև Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ հետագա համագործակցության ուղղությունները, նաև` Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում միջազգային կամավորների ընդգրկելու հարցը: