ՀՀ-ՌԴ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունացնող դեր ունի. թուրքագետ
«Մերձավոր Արևելքում առկա իրավիճակն ակնհայտորեն իր ազդեցությունն է թողնում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա»,- «2018. Հարավային Կովկասի համար բեկումնայի՞ն տարի» խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ այսօր ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր տարածաշրջանում իրավիճակի վրա ազդեցություն են գործում հատկապես երկու միտումներ։
«Առաջին միտումը կապված է Իրանի գործոնի հետ։ Այդ երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները մոտ ապագայում ազդեցություն կթողնեն տարածաշրջանի վրա։ Երկրորդ հիմնական միտումը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն էին։ Դրանք, թվում է, զուտ ներհայաստանյան բնույթ ունեին, սակայն ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են թողնելու ամբողջ տարածաշրջանի քաղաքական և ռազմավարական իրավիճակի վրա»,- ասաց թուրքագետը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացնող դեր ունի, և այդ դերը գնալով մեծանալու է։