Պորոշենկոն առաջարկում է Ուկրաինայում 60 օրով ռազմական դրություն սահմանել
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկում է երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել։ Ինչպես հայտնում է Tass-ը, այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։
Տուրչինովը հավելել է, որ Ուկրաինայում ռազմական դրությունը կարող է չեղարկվել ցանկացած պահի։
«Իրավիճակի կարգավորման դեպքում ռազմական դրությունը կարող է վերացվել ցանկացած ժամանակ»,-ասել է Տուրչինովը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն էլ իր հերթին կոչ է արել Գերագույն ռադայի պատգամավորներին գալ խորհրդարանի արտահերթ նիստին ու հաստատել Ազգային անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։
Միևնույն ժամանակ Պորոշենկոն նշել է, որ այդ որոշումը չի նշանակում բանակի գործողությունների փոփոխություն Դոնբասում ու չի նախատեսում հրատապ մոբիլիզացիա։
«Սա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է անցկացնի ինչ-որ հարձակողական գործողություններ».-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ռադան այս որոշումը կսկսի քննարկել այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով 17.00-ին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև իրավիճակը սրվել է Ազովի ծովի պատճառով։ Ըստ տեղեկությունների, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Սև ծովում Ռուսաստանի տարածքային ջրերում առգրավվել են Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Бердянск», «Никополь» ու «Яны Капу» նավերը, որոնք խախտել էին սահմանը։ Ուկրաինայի սադրանքը հանգեցրել է քաղաքացիական նավերի համար Կերչի նեղուցի փակմանը։