«Ազգային առաջընթաց». Նոր իրավիճակում նոր լուծում կարող են լինել համակարգային փոփոխությունները
«Նոր իրավիճակ, նոր լուծումներ»։ Այս կարգախոսով «Ազգային առաջընթաց կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հիշեցնենք, որ սա մասնակից քաղաքական ուժերից միակն էր, որի համամասնական ցուցակը կին է գլխավորում։
Լրագրողների հետ հանդիպմանը ցուցակը գլխվորող Լուսինե Հարոյանն ասաց՝ Ազգային Առաջընթաց կուսակցությունը նախագահ չունի, կառավարումը կոլեգիալ է՝ կուսակցության խորհրդի եւ վարչության կողմից։
Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը նշեց, որ քաղաքական դաշտում իրենք դիրքավորվել են ձախակողմյան ուժ, ժամանակակից պետությունն իրենք տեսնում են որպես սոցիալապես պատասխանատու, ունեն սոցիալական բարեփոխումների փաթեթ։
ՆԱխընտրական քարոզչության ընթացքում նախատեսում են այցելել բոլոր մարզեր, Երևանում իրականացնել բակային հանդիպումներ, երբեմն հանդես գան ասուլիսներով ու ֆեյսբուքյան ուղիղ եթերներով։
«Մեր պաստառները կարող է շատ չտեսնեք, մենք մեծահարուստ չենք, որ մեզ թույլ տանք թանկարժեք պլակատաներ փակցնել փողոցներում, բայց մյուս հնարավորություններից կօգտվենք»,-ասաց Հայկ Գրիգորյանը։
Մեծամասնական ընտրակարգով Կոտայքի մարզում առաջադրված Հայկ Փայտյանն էլ նշեց, որ նոր իրավիճակում լուծումները տեսնում են համակարգային փոփոխությունների միջոցով։
Ուշադրության կենտրոնում են կրթական, սոցիալական ու այլ հարցերը։ Փայտյանը համոզված է՝ Հայաստանը կարող է դառնալ կրթություն արտահանող երկիր։
Լուսինե Հարոյանի խոսքով, բարեփոխումները սկսվելու են օրենսդրական դաշտից։
«Առաջին հերթին կարևորում ենք պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը, որպեսզի վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Այդ ինստիտուտը պետք է եղել քրեաօլիգարխիկ պատգամավորներին։ Նաև հետամուտ ենք լինելու, որպեսզի գործի պատգամավորների հետ կանչի ինստիտուտը»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
- 11 քաղաքական ուժերից միայն մեկի ցուցակն է կին գլխավորում
- ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր է ստացել11 սուբյեկտներից. Արմեն Սմբատյան