Ուզում ենք պահանջել, որ առնվազն կանխվի «Սուսերով պար» ֆիլմի մյուս տարվա ֆինանսավորումը. Գրիգորյան
«Այս տարի Կինոկենտրոնի գործունեության փոփոխության ընթացքի և ընթացակարգի հետ կապված որոշում էր կայացվել պետական ֆինանսավորմանը դիմող ֆիլմերի մրցութային նոր համակարգ ներդնել։ Ըստ այդմ, նախ նոր կանոնակարգ է մշակվել և հաստատվել, երկրորդ՝ կինոկենտրոնին կից, բայց անկախ հանձնաժողովի ձևավորումն է, որը կարևոր հանգրվան է բարեփոխումների գործընթացում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար, 2018թ․ Կինոկենտրոն ներկայացված հայտերի ուսումնասիրման մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Նազենի Ղարիբյանը։
Նա ասաց, որ հանձնաժողովը ձևավորվել է կինոոլորտի կազմակերպությունների կողմից ներկայացված անդամներով, աշխատել են երեք ամիս, որպես հանձնաժողով ավարտել են իրենց գործառույթները։
Վավերագրող ռեժիսոր, 2018թ․ Կինոկենտրոն ներկայացված հայտերի ուսումնասիրման մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Սեդա Գրիգորյանը նշեց, որ այն պահին, երբ ստանձնել են այս պարտականությունը, իրենց տրամադրություն տակ եղել է կինոարտադրության համար տարեկան հատկացված 274 միլիոն 440 հազար դրամից 119 միլիոն 597 հազար դրամը, ինչով պայմանավորված էր քիչ հատկացումները։
«Ֆինանսների սղությունը մեզ ստիպեց բավականին սեղմ բաշխում իրականացնել։ Բացի ֆինանսական չափորոշիչներից, կարևոր է նաև քանակական չափորոշիչը։ Հանձնաժողովը պարտավորված է 16 ֆիլմերի ֆինանսավորում ապահովել։ Որքան էլ անկախ հանձնաժողով ենք, փորձել ենք առաջնորդվել գեղարվեստական արժեքներով, միջազգային հաջողության հասնելու պոտենցիալով և այլն, կային պայմաններ, որոնք պետք է հաշվի առնվեին»,- ասաց նա։
Ս. Գրիգորյանի խոսքով, ի սկզբանե ներկայացվել է 45 նախագիծ, արդյունքում իրենց հասել է 44 նախագիծ՝ 41-ը սցենար, 1-ը հետարտադրական փուլում, 1 հաստատված նախագծի փաստաթղթերի ծրար՝ «Չինչիկ» ֆիլմը։
Ռեժիսոր/պրոդյուսեր, 2018թ․ Կինոկենտրոն ներկայացված հայտերի ուսումնասիրման մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վիկտորյա Ալեքսանյանն ասաց, որ փորձել են գտնել այնպիսի մարտավարություն, որ հնարավոր լինել ֆինանսավորում ապահովել մեծ քանակով նախագծերի և նոր անունների համար։ Նրա խոսքով, այդ մարտավարության համաձայն, որոշել էին զարգացման գումար տալ նաև այն նոր նախագծերին, որոնք բարձր բալ էին հավաքել, պատրաստ չէին արտադրական ֆինանսավորում ստանալ։
Սեդա Գրիգորյանը խոսեց հայ-ռուսական համատեղ արտադրության կինոռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի մասին. «Լիամետրաժ ֆիլմ է՝ նվիրված Արամ Խաչատրյանին։ Պետպատվեր է, բյուջեից բավականին մեծ ֆինանսավորում է ստացել, Հայաստանի մասնաբաժինը փոքր է։ 2018 թվականի մարտի 20-ի գեղխորհրդի նիստի արձանագրությունում տեսնում ենք, որ ֆիլմը ներկայացվել և հաստատվել է որպես պետպատվեր։
Հետաքրքրվել ենք, պետական պատվեր ձևակերպող որևէ փաստաթուղթ չենք գտել այս ֆիմի հետ կապված։ Նախարարությունից ստացել ենք փաստաթուղթ, որը ֆիլմին պետական սուբսիդիա տրամադրելու մասին է, ստորագրվել է մայիսին, հետևաբար ինչպես է այդ ֆիլմը մարտին համարվում պետպատվեր, երբ մայիսին ձևակերպվել է պետական սուբսիդիա։
Ինչո՞ւ ենք այսպես կենտրոնացել այս ֆիլմի վրա։ Այդ ֆիլմին տրվել է 50 միլիոն դրամ։ Տարօրինակ և խիստ պայմանագիր ունի ֆիլմը հայկական կողմի հետ, պարտավորեցնում է Հայաստանին մյուս տարի վճարել մնացյալ մասը, որը 47 միլիոն 8 հազար դրամ է, կրկին պետական բյուջեից, կրկին մեր ֆիլմերին հասնելիք ֆինանսավորման բյուջեից։
Այս ֆիլմի հետ կապված շատ խութեր կան, դիմել ենք Կինոկենտրոնին, նախարարությանը պարզելու այդ հանգամանքները։
Հանձնաժողովի անունից ուզում ենք առաջարկել, պահանջ ներկայացնել, որ առնվազն դադարեցվի, կանխվի մյուս տարվա ֆինանսավորումը, որովհետև մրցույթ չանցած, անհասկանալի պատճառով պետպատվեր դարձած, բյուջեից մեծ չափով ֆինանսավորում ստացած ֆիլմը դեռևս հավակնում է մյուս տարի ևս ստանալ ֆինանսավորում, այն պարագայում, որ ավարտված է»։
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարը գերազանցել է բոլոր հնարավոր լիազորությունները. Հովհաննես Գալստյան
- Անվստահություն են հայտնում մշակույթի նախարարի հրամանով ձևավորված Հանձնախմբի աշխատանքներին