Սասուն Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է. ազատամարտիկ
ՔՊ վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը, այսօր Թալինում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հեղափոխության մասին խոսելով, հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը...»։
Ազատամարտիկի խոսքերը սոցիալական ցանցերում դժգոհության մեծ ալիք էին բարձրացրել, օգտատերերը, մասնավորապես, վրդովել էին երկու երևութներն իրար հետ համեմատելու պատճառով։
Թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ, ով նշեց, որ Սասուն Միքայելյանն անպայման պետք է պարզաբանում ներկայացնի։ Ավելին, ազատամարտիկն ասաց, որ պատրաստվում է խոսել իր մարտական ընկերոջ հետ՝ հորդորելու, որ վերջինս պարզաբանում մտցնի իր խոսքերի մեջ։
Մյուս կողմից , Բադասյանը համոզմունք հայտնեց, որ Սասուն Միքայելյանը պահի ազդեցության տակ է նման համեմատություն արել։
«Նրան ճանաչելով՝ կարծում եմ՝ ցանկացել է պարզապես հռետորական ճառ ասի, բերանից անզգուշաբար այդպիսի խոսք է դուրս եկել։ Նա դժվար թե մտածված նման բան ասած լինի, իսկ եթե Աստված մի արասցե, մտածված բան է ասել, դա կարելի է շատ վտանգավոր համարել։ Ամեն դեպքում, ծանոթ լինելով Սասուն Միքայելյանի ինտելեկտին և խոսակցական ոճին՝ հակված եմ կարծել, որ ցանկացել է հեռետորական ճառ ասել, և այսպես է ստացվել»,- նշեց ազատամարտիկը։
Բայց եթե այնպես ստացվի, որ Սասուն Միքայելյանի խոսքերն իսկապես նրա համոզմունքը լինեն, ապա, Վահան Բադասյանի խոսքով, Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է, Զանգեզուրը կարևոր չէ, Արարատյան դաշտն է միայն կարևոր»։
«Այսուհետ խոսելուց լավ կլինի՝ Սասուն Միքայելյանն իր խոսքերում լուրջ խոսի, որովհետև առավել քան երբևէ գտնվում է ուշադրության կենտրոնում»,- ասաց Բադասյանը՝ միաժամանակ հորդորելով իր մարտական ընկերոջ խոսքերը խորը չընդունել։
Ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն իր հերթին ընդգծեց, որ որքան էլ Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերն է, Արցախյան հերոսամարտը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել։
«Արցախյան պատերազմում մենք ունեցել ենք այն ձեռքբերումը, որի մասին դարերով են երազել։ Մեր սերունդը մի նոր պատմություն է կերտել, և այսօր որևէ համեմատություն չի կարող լինել։ Դե, այսօր քաղաքական պայքար է, թող պայքարեն, բայց համեմատություններ չանեն։ Մյուս կողմից, ես չեմ լսել իր հայտարարությունը, չգիտեմն՝ ինչի մեջ է դա օգտագործել, կարող է համամետությունն ինչ-որ բանի հետ կապել է։ Բայց Արցախյան պատերազմը որևէ քաղաքական թոհուբոհի հետ համեմատելու կարիք չկա»,- ամփոփեց Ռուստամ Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան