Արայիկ Հարությունյանը «ինչ-որ մարդկանց» մասին
«Ինձ լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ հենց Սպիտակում, էն մտահոգներից, փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ», - այս մասին այսօր Սպիտակ քաղաքում ՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դա պետք է մերժել, արմատախիլ անել. «Այդ մտահոգներին պետք է ասել՝ գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք և մի խառնվեք քաղաքական պրոցեսներին»:
«Ես ուզում եմ, որ ուսուցիչը մեջքը պարզած քայլի։ Իմ Ռուբեն պապը մեծ հեղինակություն էր այս քաղաքում, ես ուզում եմ՝ այսուհետ յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր քաղաքում, Հայաստանում յուրաքանչյուր ուսուցիչ փողոցով քայլի հենց այդպես՝ մեջքը պարզած, հարգված, թասիբով և իր աշակերտների կողմից սիրված»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ քաղաքական գործիչները որքան էլ բարձր վարկանիշ ունենան, նրանք չեն կարող յուրաքանչյուր աշակերտի հասնել, իրենց ասելիքը հասցնել, քանի որ այդ ասելիքը փոխանցողը, գիտելիքը փոխանցողը բարձր հեղինակությամբ ուսուցիչը պետք է լինի։
«Ես գիտեմ, թե որքան խնդիրներ ունեն ուսուցիչները: Մեր ծրագիրը ներկայացնելու ժամանակ ասել ենք, որ տնտեսության մեջ եկած գումարների մեծ մասը գնալու են սոցիալական, առողջապահության, կրթության խնդիրներին: Մենք միասին պետք է դպրոցը բարձրացնենք։ Յուրաքանչյուր ուսուցիչ, յուրաքանչուր տնօրեն իմ գործընկերն է այս հարցում, և ես խնդրում եմ ձեր օգնությունը՝ բարեփոխումներն առաջ տանելու համար»,- ընդգծեց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները