Թուրքիայի պաշտպանության նախարարը պատասխանել է Գարո Փայլանին
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հարց է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նախ հիշեցրել է, որ նախարարը թուրքական բանակն անվանել էր «Մուհամեդ Մարգարեի օջախ» և «Իսլամի վերջին բանակ», ապա հարցրել.
«Մի՞թե Թուրքիայի բանակն իսլամական բանակ է։ Եթե այո, ապա ինչու՞ են քրիստոնյաները, հուդայականները և այլ կրոն դավանողները ծառայում այդ բանակում»:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, պաշտպանության նախարարը Հուլուսի Աքարն ի պատասխան մեջբերել է սահմանադրության համապատասխան հոդվածը՝ նշելով, որ սահմանադրության համաձայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր տղամարդ ենթական է զինվորական ծառայության՝ առանց կրոնադավանական խտրականության։
Գարո Փայլանը բարձրաձայնել է նաև 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում ծառայող հայ զինվոր Սևակ Բալըքչըի սպանության մասին՝ ընդգծելով, որ հանցանքը կատարվել է ատելության քարոզի հետևանքով: Հուլուսի Աքարը պատասխանել է, որ չկա որևէ տեղեկություն, վկայություն կամ զեկույց, որով կհաստատվի այդ հանցանքի վերաբերյալ պնդումը։