Աճուրդում Այվազովսկու կտավը վաճառվել է գնահատվածից ավելի թանկ
Լոնդոնում Christie's աճուրդային տան կազմակերպած ռուսական արվեստի գործերի վաճառքից ստացվել է 7,15 միլիոն ֆունտ ստերլինգ (9,16 միլիոն դոլար)։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, աճուրդին մասնակցել է 250 մարդ աշխարհի 29 երկրից։ Ամենաթանկ լոտը եղել է իսպանական մասնավոր հավաքածուից չափազանց հազվագյուտ կայսերական ճենապակյա ծաղկամանը, որը վաճառվել է 1,81 միլիոն եվրոյով (2,32 միլիոն դոլար), ինչը նախնական գնից երկու անգամ բարձր է։
19-րդ դարի ռուսական արվետի նկատմամբ հետաքրքրությունը բավականին բարձր է եղել։ Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը, որը գնահատվել էր 400-600 հազար ֆունտ ստերլինգ (515-775 հազար դոլար), վաճառվել է 609 հազար ֆունտ ստերլինգով (780 հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie's-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:
Բացի Christie's-ից, «ռուսական շաբաթին» մասնակցում են նաև Sotheby's, MacDougall's և Bonhams աճուրդային տները։ «Ռուսական վաճառքի» արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Christie's-ի թոփ-լոտերից է Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը
- Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը
- «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը
- Այվազովսկու պատկերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը
- Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի թոփ-լոտ
- Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
- Այվազովսկու աշխատանքները ցուցադրվելու են Նավաշինարարի օրվան նվիրված ցուցահանդեսում
- Նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային
- Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները
- Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
- Հովհաննես Այվազովսկու «Քաոս»-ն արդեն Ազգային պատկերասրահում է
- Ազգային պատկերասրահը նախապատրաստվում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին