ՄՕԿ-ի նախագահի հեռախոսի ազնիվ մետաղներից պատրաստված մեդալը կհանձնվի մրցանակակիրներից մեկին
Տոկիոն շարունակում է նախապատրաստվել 2020 թ. ամառային օլիմպիական խաղերին: Դեռևս 2017 թ. ճապոնիայի իշխանությունները սկսել են մի ծրագիր, որով կոչ է արվել հավաքել չօգտագործվող էլեկտրոնային սարքերը: Նրանցում եղած արժեքավոր մետաղներից են պատրաստվելու Օլիմպիական մեդալները:
Գաղափարի շնորհիվ երկրի բնակիչներն իրենց ավանդն են բերում շրջակա միջավայրի պահպանմանը և աջակցում են նաև Օլիմպիական խաղերի կազմակերպման գործին: Այս առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն:
Արդեն հավաքվել է երեք տոննա բրոնզ, որը բավարար է մեդալների ամբողջ հավաքածուի ձուլման համար: Իսկ ահա ոսկու և արծաթի անհրաժեշտ քանակի կեսն է առայժմ հավաքվել, համապատասխանաբար` 16,5 և 1800 կգ: Նախագծի հեղինակները կարծում են, որ պակասը կլրացվի մինչև եկող տարվա մարտի վերջը:
Հետաքրքիր է, որ Օլիմպիական մրցանակակիրներից որևէ մեկին կհանձնվի այն մեդալը, որը պատրաստված կլինի ՄՕԿ-ի նախագահի հանձնած բջջային հեռախոսում եղած ազնիվ մետաղներից: «Տոկիո-2020»-ի մեդալների նմուշները կներկայացվեն 2019 թ.: