Կառավարման բրիտանական լավագույն փորձը ներկայացվել է հայ մասնագետներին
Երևանում այսօր մեկնարկեց Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որի նպատակն է Հայաստանում բարձրացնել ստեղծարար ոլորտներում առաջնորդության և կառավարման արժեքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև խթանելու համագործակցությունը:
Այսպիսով, Հայաստանի մի շարք ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ծանոթանալ կառավարման և առաջնորդության բրիտանական և միջազգային լավագույն փորձին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը կարևորելով համաժողովի անցկացումը՝ նշեց, որ սա կրթությանը վերաբերող այն նախաձեռնություններից է, որի նպատակը Հայաստանի կառավարման համակարգը, տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելն է:
«Այսօրվա միջոցառման կարևորագույն արժեքն այն է, որ ևս մեկ անգամ ընդգծվում է գիտելիքի կարևորությունը: Առանց գիտելիքի, առանց կառավարման բնագավառում աշխարհի լավագույն փորձին տիրապետելու, մենք չենք կարող քայլել դեպի այն նպատակները, որոնք դրել ենք մեր առջև»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ առ այսօր, կարծես թե, բավարար չեն կարևորել կոորպորատիվ կառավարման նշանակությունը Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածում, ինչի պատճառով, ըստ նրա, չեն կարողանում լիարժեք օգտագործել առկա հնարավորությունները և դրանք կիրառել տնտեսության մեջ: Ուստի, ըստ նախարարի պաշտոնակատարի, առաջիկայում պետք է մեծ ուշադրություն դարձնեն կոորպորատիվ կառավարման սկզբունքներին:
«Մեզ համար շատ կարևոր է ունենալ այնպիսի կառավարիչներ, որոնք տիրապետում են ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներին»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում որակյալ կառավարիչների պակաս կա:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշեց, որ Հայաստանն ունի համապատասխան կարողություններ և պետք է «արտահանի» իր կարողությունները:
«Ես հավատում եմ, որ ստեղծագործ միջավայրում այդ ունակությունները կարող են վերածվել շատ հաջողակ բիզնեսի: Մենք ուզում ենք մեր փորձը կիսել Հայաստանի հետ»,- նշեց Ջուդիթ Ֆարնուորթը՝ հավելելով, որ պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որը կնպաստի Հայաստանի տնտեսության բարգավաճմանը:
Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որը կազմակերպվել է է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանում Բրիտանական դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ, ներգրավել է շուրջ 200 մասնագետների, 15 հեղինակավոր միջազգային և տեղացի փորձագետների և դասընթացավարների այնպիսի ստեղծարար ոլորտներից, ինչպիսիք են գովազդն ու մարքեթինգը, ճարտարապետությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դիզայնը, ֆիլմարտադրությունը և այլն։