Արամ Ոսկանյան. «Արդյունքը տրամաբանական էր»
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» չկարողացավ հաղթել «Լոռիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն իր կարծիքն է հայտնել դիմակայության վերաբերյալ:
«Առաջին կեսից շատ դժգոհ եմ: Մրցակիցը գոլ խփեց և ունեցավ 2-3 գոլային ռեալ պահ: Իմ սաները գնդակը շատ վատ էին զգում, խոտանը մեծ էր: Երկրորդ խաղակեսում վերադասավորումներ կատարեցինք, հանդերձարանում ուղղություններ ցույց տվեցի և տղաներն ամբողջովին վերափոխվեցին:
Գեղեցիկ խաղ ստացվեց նաև հանդիսատեսի համար: Երկուստեք գրոհում էինք, մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, իսկ արդյունքը տրամաբանական էր, քանի որ երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեին մի շարք պահեր: Այս խաղից ելնելով գոհ եմ անգամ մեկ միավորից»,- ասել է Ոսկանյանը: