Լևոն Գալստյան. Փաշինյանին սխալ ինֆորմացիա են փոխանցում Թեղուտի մասին
«Թեղուտի հանքի վերաբացման մասին խոսողները հերիք չէ՝ չեն տիրապետում ամբողջական իրավիճակին և տեղեկություններին, մի բան էլ վարչապետին միտումնավոր կամ ակամա սխալ ինֆորմացիա են փոխանցում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։
Նրա խոսքով, հնարավոր է սխալ տեղեկատվություն է փոխանցվում ակամա, անտեղյակության պատճառով։ Միաժամանակ չի բացառում, որ միտումնավոր են նման բան անում։
«Թե ովքեր են շահագրգիռ դրանում, պետք է նայել կառավարության կազմը, ովքե՞ր են մնացել, ովքե՞ր են նշանակվել նախարարներ կամ ովքե՞ր են մնացել տարբեր վարչություններում։ Նրանցից շատերը կապ ունեն այդ հանքավայրի հետ։ Ամենաակնառու օրինակը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարն է, ով տասը տարի «Վալեքս»-ում տնօրեն է աշխատել»,-կարծիք հայտնեց նախաձեռնության անդամը։
Տիգրան Խաչատրյանը 2006-2016 թթ. եղել է Վալլեքս ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն։ Այդ մասին նշված է նաև կառավարության էջում հրապարակված նրա կենսագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ալավերդի քաղաքում երեկ երեկոյան հանքի շահագործման մասին խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Գասպարյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, «ընդ որում ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով, այլև շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը համաձայնության է եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, ՎՏԲ բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։
«Երբ հաշվարկ կատարեցինք, պարզվեց, որ Թեղուտի այսօրվա պաշարները չի հերիքում ՎՏԲ-ի պարտքը փակելու։ Բայց մինչ այդ ես հանդիպել էի մեր վարչապետի հետ ու խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Թեղուտի կոմբինատը աշխատի»,-ասել էր Նորայր Գասպարյանը վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Լևոն Գալստյանն այս առումով նկատում է՝ հոգնել ենք բարեգործներից, բացի այդ էլ պաշարների վերագնահատում պետք է արվի։ Եթե հանկարծ առանց իրական ռիսկերն ու նախկինում արած հանցագործությունները գնահատելու, վերլուծելու վերագործարկվի հանքը, ապա, ըստ Panorama.am-ի զրուցակցի, հետևանքներն անկանխատեսելի են լինելու։ Հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ սոցիալական, ֆինանսական, պոչամբարի, պաշարների հետ կապված։
«Հիմա այդ խնդիրները լուծվեցի՞ն։ Եթե լուծվեցին, ով է տեղյակ՝ ինչպե՞ս լուծվեցին։ Կամ հիմա պոչամբարի վերաբերյալ ի՞նչ նախագիծ են ներկայացրել, կամ ո՞վ է ներկայացրել, ինչ-որ մեկը տեսե՞լ է այդ նախագիծը, դրա շուրջ հանրային քննարկում եղե՞լ է, մասնագետները համոզված են, որ դրանից հետո նորից խնդիրներ չեն լինի՞»-հարցերը թվարկեց Գալստյանը։
Նա ընդգծում է, որ այդ խնդրի հետ կապված ամեն ինչ պետք է արվի բաց, թափանցիկ, մասնակցային ու մասնագիտական ելակետային տվյալներ ունենալու հիման վրա, մասնագիտական լուրջ վերլուծությունից հետո։ Նման պատրաստակամություն նա նկատել է վարչապետի պաշտոնակատարի մոտ, կառավարության անդամների մեծ մասի մոտ չի տեսել։
«Կարող է՝ կույր ենք, չգիտեմ։ Վարչապետն ասում է մի բան, նախարարներն ու այլ մակարդակի ղեկավարներն անում են լրիվ ուրիշ բան։
Ես՝ որպես բնապահպանական նախաձեռնության անդամ, որպես աշխարհագրագետ, կարող եմ ասել, մինչև չգնահատվի, թե ինչ խնդիրներ են եղել ու բոլոր կողմերը դրանց մասին հստակ, հավաստի տեղեկություն չստանան, կրկնում եմ բոլո´ր շահագրգիռ կողմերը՝ ոչ թե միայն կառավարության մարդիկ կամ աշխատակիցները, այլև անկախ գիտնականները, փորձագետները, մինչև չգնահատվի նախորդ ընկերության արած աշխատանքը, նաև մեր կարծիքով հանցագործությունները գնահատական չստանան, խոսել վերաբացման մասին ուղղակի հեչ խելքին մոտիկ բան չէ»,-ասաց Գալստյանը։
Ինչ վերաբերում է խնդրի սոցիալական կողմին՝ աշխատատեղերի ստեղծմանը, ապա նախաձեռնության անդամը կարծում է, որ հարցին կարելի է լուծում տալ այլ մոտեցումներով՝ օրինակ, այդ տարածքում գործունեություն սկսող բիզնեսին մի քանի տարով հարկային արտոնություն սահմանելով։
Անդրադառնալով նոր ներդրողի՝ պաշարների սակավության մասին մտահոգությանը, Գալստյանը հեռակա հարց է ուղղում նրան, այդ պարագայում ինչո՞ւ է վերագործարկում, ի՞նչն է վերագործարկում։
«Մենք համոզված ենք, որ ի սկզբանե պաշարներն էլ են սխալ գնահատված եղել, այսինքն գերագնահատված են եղել, որպեսզի կազմակերպությունները կարողանան բանկերից վարկեր վերցնել։ Հիմա որ ասում ենք՝ հնարավոր է Ամուլսարում 73 տոննա ոսկի չկա, հենց Թեղուտի օրինակն ենք վերցրել, կարող է այդ թիվն էլ են ուռճացրել, որպեսզի ներդրող ու ֆինանսավորող ճարեն, մի երկու տարի հետո եթե պարզվի, որ չկան այդ պաշարները, ո՞վ է պատասխան տալու»,-ասաց աշխարհագրագետը։
Խնդրին տեղյակ մասնագետը փաստում է, որ Թեղուտի հանքի վերագործարկումն անթույլատրելի է առանց հանրային լայն քննարկման ու նախագծի՝ շրջակա միջավայրի ազդեցության բնապահպանական փորձաքննության իրականացման։
«Իսկ եթե հանկարծ վերագործարկման մասին որոշում լինի, նույն խնդիրները կան ու մնում են, պոչամբարը կառուցված է սխալ տեղում, ինչի հետևանքով անհնար է այդ ծավալի պաշարներ կուտակվի առանց լուրջ վթարային վտանգ ստեղծելու, հաջորդը գետերի աղտոտման խնդիրն է առաջանալու, փոշի, արտահոսքեր, թթվային դրենաժների առաջացում, ինչն էլ բերելու է տնտեսական այլ գործունեություն ծավալելու հնարավորության վերացման, իսկ հետագայում նաև մարդկանց առողջական խնդիրների առաջացման։ Սա է ամբողջ հարցը»,-հնարավոր վտանգները թվարկեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Պղնձաձուլարանի աշխատողները լքում են երկիրը
- Ալավերդու պղնձաձուլարանի փակման մասին վերջնական որոշում չկա. փոխվարչապետի պաշտոնակատար
- Ալավերդու պղնձաձուլարանի և փակելն է ճիշտ, և բողոքելը. բնապահպան
- Պղնձաձուլարանի փակման հարցով Ավինյանը կհանդիպի Մեջլումյանին
- Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃ
- Փոխվարչապետի գրասենյակ. Պղնձաձուլարանի կառուցման աջակցություն կլինի երկու առանցքային հարցերը հստակեցնելուց հետո
- Կարայան. Մեծ հույս ունենք, որ Թեղուտի ծրագիրը շուտով կվերագործարկվի
- Կարայան. Պետության կողմից որևէ երաշխիք չի տրամադրվել Թեղուտի պրոեկտի ֆինանսավորման մասով
- Բնապահպաններ. Թեղուտի հանքավայրում պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան