Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի «Ինքնանկարը»՝ Ռուբեն Քոչարի մատուցմամբ
Նոյեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա գեղանկարիչ Մայիս Մխիթարյանին նվիրված «Ինքնանկար» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Ռուբեն Քոչարն է, գաղափարի հեղինակն է բարերար և գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Մովսիսյանը։
Լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Քոչարն ասաց, որ իր համար կարևոր էր ոչ թե հենց ինքը՝ Մայիս Մխիթարյանը, այլ, ընդհանրապես, արվեստագետ հասկացողությունը։
«Մայիս Մխիթարյանն իր մեջ ներառում է այդ ամենը, որովհետև ինքն իսկապես ճիշտ արվեստագետ է։ Նրա նկարչությունը տրամարդող է։ Տրամարդող նկարիչ է, իր մեջ կրում է իսկապես արվեստագետ հասկացողությունը։ Այս դեպքում կարողանում ես քեզ ազատ զգալ, որովհետև դիմացդ կանգնած է, իսկապես, ստեղծագործող։ Ֆիլմը շատ հոգևոր հիմքի վրա է դրված, բայց օդից չի եկել։ Հոգևոր հիմքը հենց Մայիս Մխիթարյանի նկարչությունն էր։ Դա էր, որ ուղղորդեց, և մենք մտանք այնպիսի մի հուն, որով շարունակեցինք»,- ասաց ռեժիսորը։
65 րոպե տևողությամբ ֆիլմը խաղարկային է։
«Մենք չհասկացանք՝ դոկումենտալ ֆիլմ է, թե գեղարվեստական։ Երևի երկուսն էլ է։ Բայց սա այն չէ, ինչ երբևէ տեսել եք։ Ամեն ինչ, ինչ ստացվեց այս ֆիլմում, գալիս է նկարչությունից։ Կարծում եմ՝ բավական օրիգինալ պետք է լինի»,- նշեց Քոչարը։
Հարցին, թե ինչո՞ւ է կոչվում «Ինքնանկար», արդյո՞ք նույնացնում եք ձեզ, ռեժիսորն ասաց. «Մայիս Մխիթարյանի ինքնանկարի մասին է, պատմում է Մխիթարյանի ինքնանկարի ստեղծումը։ Նա փորձում է նկարել ինքն իրեն, այստեղ է, որ սկսվում է ամբողջ կոնֆլիկտը, պատմությունը։ Սա է դառնում հետաքրքիր, երբ տեսնում ենք, թե ինչպես է նկարիչը ստեղծում իր ինքնանկարը»։
Ասուլիսին ներկա Մայիս Մխիթարյանն ասաց, որ, դիտելով ֆիլմը, գտնում է իրեն այնտեղ։
«Հիացած եմ, մինչև այսօր ես դեռ չեմ մարսել, թե ինչ է տեղի ունեցել։ Այնպես է նկարել, որ «ամպերում իր տեղը կգտնի»»,- ասաց նկարիչը։
Գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Մովսիսյանը պատմեց, որ երբ հանդիպել է Ռուբեն Քոչարին, ասել է՝ ցանկանում է իր ընտանիքի համեստ միջոցների սահմաններում Երվանդ Քոչարի հիշտակին միջոցառում իրականացել։
«Հաճելիորեն զարմացրեց մաեստրոյի պատասխանը, խոսում է իր մեծության, իր գեների մեծության մասին։ Նա ասաց, որ Երվանդ Քոչարի անունն իր ճանապարհը հարթել և հարթում է, մի ֆիլմ նկարեն մեր ժողովրդի մեկ այլ զավակի՝ Մայիս Մխիթարյանի մասին»,- ասաց նա։