Մենք մեր շանսերը շատ բարձր նք գնահատում. Գարեգին Չուգասզյան
«Մենք, թերևս, վերջին տասը տարիներին միակ քաղաքական ուժն էինք, որ ընտրություններին չմասնակցելով՝ գտնում էինք, որ իշխանափոխությունն ընտրություններով տեղի չի ունենալու։ Եվ մեր կանխատեսումն իրականացավ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը։
«Իհարկե, նոր կազմակերպված կուսակցության համար շատ դժվար է միանգամից մտնել ընտրարշավի մեջ, սակայն մեզ հաջողվեց հանրապետության տարածքում բացել 60-ից ավել գրասենյակներ։ Մենք հիմա նախընտրական ընթացքի մեջ ենք, զուգահեռ՝ նախընտրական հանդիպումներ են ընթանում։ Բաժանվել ենք մի քանի խմբերի, քանի որ 12 օրը չափազանց կարճ ժամանակ է»,- ասաց նա։
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենք հասկանում են՝ Ընտրական օրենսգիրքը կատարյալ չէ, և ռեյտինգային ընտրակարգը հին ուժերի սողանքներ է թողնում։
«Ամեն կերպ պետք է խոչընդոտել օլիգարխիայի մուտքը խորհրդարան։ Հին ուժերի քաղաքական մոնոպոլիան պետք է կոտրվի, արդեն կոտրվել է։ Մեր ժողովուրդն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի մարտի 1-ի կոալիցիային։ Ինչ վերաբերում է «Մենք»-ին և Լուսավոր Հայաստան կուսակցությանը, ապա նրանք տատանվող ուժեր են եղել, նրանք ընկրկեցին և չմասնակցեցին հեղափոխությանը։ Այնպես որ, մենք մեր շանսերը շատ բարձր նք գնահատում»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։
Բանախոսը կարևորեց նաև բազմաբևեռ քաղաքական դաշտի կայացումը։
Անդրադառնալով նախընտրական իրենց քարոզարշավին՝ նա նշեց, որ հասարակության գիտակից հատվածի ակտիվությունը բավականին բարձր է։
«Մենք մեր հույսը դնում ենք ավանգարդ հատվածի վրա։ Մեր ժողովուրդն ունի ամուր ազգային արմատներ և պատրաստ է կանգնել իր ազգային արժեքերի համար։ Բայց մենք նաև ժամանակակից ուժ ենք։ Պետք է վերահաշվարկներ կատարվեն, բարձրացվեն նվազագույն աշխատավարձերը և թոշակները, պետք է փոխվի ՀՀ ռազմական դոկտրինը»,- ասաց Չուգասզյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր». Մեզ համար խիստ տարակուսելի է Փաշինյանի նման հայտարարությունը
- «Սասնա Ծռեր»-ը բացեց կուսակցության գրասենյակը
- «Ժողովուրդ». Վարկանիշայինով ամենաշատ թեկնածու առաջադրած ուժերն են՝ ԲՀԿ-ն և «Սասնա Ծռեր»-ը
- «Սասնա Ծռեր»-ը մտահոգությունն է հայտնում ԱԺ-ում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
- «Սասնա ծռեր»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը. Ժիրայր Սեֆիլյան