Ես կանխատեսել էի, որ պետք է լինի կոպիտ, սև PR-ով քարոզարշավ. Լարիսա Ալավերդյան
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն իր ուրույն տեղն ունի։ Այսօր մենք ունենք այնպիսի նվաճումներ, առանց որոնց հնարավոր չէ առաջ շարժվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Հարցին՝ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնի այս ոլորտում՝ Ալավերդյանը պատասխանեց՝ նախ իշխանությունների վերաբերմունքը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ։
«Նախկինում վերաբերմունքն իրապես ուրիշ էր, իշխանությունները կարծես չէին հասկանում, թե սա ինչ հաստատություն է՝ ամենամեծ ՀԿ-ն, թե ամենափոքր և ամենաթույլ պետական մարմինը։ Այժմ կա վերաբերմունքի փոփոխություն, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքն ավելի հեշտացել է. հակառակը։ Երկրորդ դրական փոփոխությունը հասարակության մեջ մարդու իրավունքների ընկալումն է, և այն, թե ինչ հարցերով կարելի է դիմել ՄԻՊ-ին։ ՄԻՊ-ն այլևս որպես սուրբ չի դիտարկվում, և բոլոր հարցերով նրան չեն դիմում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է ոլորտի բացթողումներին,ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը դրանց թվում նշեց մարզերում ՄԻՊ ներկայացուցչությունների բացակայությունը։
Լրագրողները Լարիսա Ալավերդյանից նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանության մակարդակը՝ հաշվի առնելով վերջին դատական գործընթացները։
«Ես միշտ հանդես եմ գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան։ Եվ անգամ այն դեպքերում, երբ նա այս իրավիճակում է հայտնվել։ Ես կոշտ քննադատության եմ ենթարկվել, սակայն էլի նշել եմ այն իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել երկրորդ նախագահի հանդեպ։ Ես գտնում եմ, որ դա էլ է մեր նվաճումը, երբ մենք երևույթը կարողանում ենք դիտարկել տարբեր տեսանկյուններից։ Ցանկացած իրավիճակում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Եվ նրա դատապաշտպաններն են նշում, և ես կարող եմ նշել, որ դատական գործընթացը գնում է բնականոն ձևով և իրավունքին չհակասող ճանապարհով»,- ասաց նա։
Անդրադառնալով Մարտի 1-ի բացահայտման գործընթացին` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ցանկացած իրավիճակում երկրի կանոնակարգված գոյությունը կախված է միայն ու միայն իշխանություններից, և ընդդիմության գործողությունները պետք է դիտարկվեն միայն դրանից հետո։
«Այն ժամանակ էլ ասել եմ, որ ամբողջ տեղի ունեցածի համար պատասխանատվություն է կրում հենց նախագահը։ Բայց պատասխանատվությունը պետք չէ շփոթել մեղավորության և մեղքի հետ»,- շեշտեց մարդու իրավունքների առաջին պաշտպանը։
Իսկ ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, խախտումներ նկատե՞լ է, հետաքրքրվեցին լրագրողները։
Վերջինս նախ նշեց, որ քարոզարշավը սկսվել է նախատեսվածից շուտ, սակայն զարմանալի է, որ ԿԸՀ-ն, ի տարբերություն նախորդ տարիների, դա օրենքի խախտում չի որակել։
«Ես կանխատեսել եմ, որ պետք է լինի կոպիտ, սև PR-ով և հակադրվելով աշխատանք, տեսանք առաջին օրից։ Ես բոլորին հորդորում եմ անցնել դրական դաշտ։ Կոպիտ քարոզարշավ արվում է գրեթե բոլոր ուժերի կողմից, և սա երկրի զարգացման և ապագայի համար ամենևին արդյունավետ չէ»,- ամփոփեց Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեսախցիկներ այն վայրերում, որտեղ հարցաքննություններ են
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկ կներկայացնի դատավորին
- Մեկնարկեց Ռ. Քոչարյանի կալանավորման որոշման վերաբերյալ բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին
- Հայտնի է, թե Վերաքննիչի որ դատավորը կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը
- Հուսով ենք՝ քարոզարշավի ընթացքում կհաջողվի ատելության խոսքը նվազագույնի հասցնել. Սվիտալսկի
- Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան
- Սվիտալսկի. Մի վաճառեք ձեր ձայները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան