Պեսկով. ԱՄՆ-ը Կրեմլին չի տեղեկացրել Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկման մասին
Կրեմլը շարունակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսված է անցկացնել Արգենտինայում այս շաբաթվա վերջին կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է tass-ը։
«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, հանդիպումը համաձայնեցված է։ Որևէ այլ տեղեկություն ամերիկյան գործընկերներից մենք չունենք»,-այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ Թրամփը Washington Post-ին ասել էր, որ կարող է չեղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի ծովային բախումից հետո։ Թրամփն ընդգծել էր, որ սպասում է «ամբողջական զեկույցին» այն մասին, որ ՌԴ նավերը կրակ էին բացել ու բռնագրավել ուկրաինական ռազմական 3 նավեր կիրակի օրը։
«Հնարավոր է, ես չհանդիպեմ։ Ես չեմ սիրում այդ ագրեսիան։ Ես չեմ ցանկանում այդ ագրեսիան»,-ասել էր Թրամփը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ուկրաինական ռազմական նավերը Ազովի ծովում հատել են իր սահմանը, որի արդյունքում 3 նավեր առգրավվել են, 24 նավաստիներ ձերբակալվել են ու 3-ը վիրավորվել։ Ղրիմի դատարանն ավելի ուշ որոշում էր կայացրել 12 ուկրաինացիներին 60 օրով կալանավորելու մասին։ Մյուսների նկատմամբ դատարանի որոշումը սպասվում է այսօր։ Ուկրաինան Ռուսաստանի քայլը համարում է «ագրեսիա», Ռուսաստանն էլ իր հերթին Ուկրաինային մեղադրում է «սադրանքի» մեջ ու նշում, որ նրա նավերն անօրինական մուտք են գործել իր ծովային ջրեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան