Արա Բաբլոյան. Խնդրում եմ զերծ մնալ կրքեր բորբոքելուց և անարձագանք թողնել որոշ հայտարարություններ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց։
ԱԺ պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ ասված է.
«Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով:
Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որևէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաև այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը:
Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սևեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, և դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին:
Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից:
Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին:
Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց և անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձևակերպումների հետևանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»,- ասված է Արա Բաբլոյանի հայտարարության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է
- Դավիթ Իշխանյան. Երբեք չեմ զարմացել Սասուն Միքայելյան տեսակի անձերի տեսակետներից
- Դավիթ Բաբայանը՝ Սասուն Միքայելյանին. «Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա Հայոց պետականությունը պարզապես կկործանվեր». «168 ժամ»
- Չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանին քննադատողներին
- Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին. Արշավիր Ղարամյան
- Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին
- Սասուն Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է. ազատամարտիկ
- Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան