Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
«Տեղեկացանք, որ նիստից մի քանի օր առաջ Վերաքննիչ դատարանում իրականացվել է վիճակահանություն, որի արդյունքում որոշվել է, թե որ դատավորը պետք է քննի այս գործը»,-վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատավոր Ռուբեն Մխիթարյանին ներկայացվող ինքնաբացարկի միջնորդությանը։
Նա նկատեց, որ օրենքով վիճակահանություն նախատեսված չէ։ Դատավորն էլ հաստատել է, որ տեղի է ունեցել վիճակահանությունը։
«Մենք միջնորդեցինք, որ դրա մասին արձանագրություն մեզ ներկայացվի։ Դատավորն ընդմիջում հայտարարեց, հեռացավ, վերադարձավ, ասեց՝ նման արձանագրություն չկա։ Դատավորը լրացուցիչ պարզաբանումներ արեց, որոնք, իմ կարծիքով ավելի սաստկացրեցին այդ կասկածները»,-նշեց փաստաբանը։
Ալումյանի ներկայացմամբ, Ռուբեն Մխիթարյանն ասել է՝ «թեկուզ եղել է վիճակահանություն, թեև ես եմ քաշել այդ թուղթը, բայց ես չգիտեմ, երբ դատարանի նախագահն ինձ է ընտրել, չգիտեմ վիճակահանության արդյունքնե՞ր է հիմք ընդունել, թե այլ չափանիշների հիման վրա է որոշել, որ ես պետք է քննեմ գործը»։
Դատավորն առաջարկել է այդ ամենը պարզել դատարանի նախագահի պաշտոնակատարից։ Փաստաբանները գրություն են կազմել, ներկայացրել դատարանի նախագահի պաշտոնակատարին, խնդրել են տրամադրել վիճակահանության արձանագրությունն ու ասել, թե ինչ չափանիշներ են հաշվի առնվել։
Պատասխան են ստացել՝ վիճակահանություն եղել է, արձանագրություն չկա, գրեց նաև այսպես. «Որոշվել է պատահականության ու դատավարների ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա»։ Պաշտպանական թիմի անդամը համարում է, որ դրանք իրար հակասում են, արդյունքում անորոշ վիճակ է ստեղծվել։
«Եթե այս գործի քննությունը սկսել է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք որևէ ակնկալիք չունենք, որ գործի ավարտը կարող է լինել օրինական։ Դատավորը պետք է որոշվի օրինական ճանապարհով, եթե այդ ճանապարհով որոշվի, որ նույն դատավորն է քննելու գործը, հնարավոր է՝ մենք նրա անձի հետ կապված խնդիր ընդհանրապես չտեսնենք, մեզ հետաքրքիր է, որ դատարանը որոշված լինի օրենքի հիման վրա»,-նշեց Ալումյանը։
Փաստաբանները միջնորդել են, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։ Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ևս դատարանում է եղել Ռոբերտ Քոչարյանը ու համաձայնություն է հայտնել պաշտպանական թիմի միջնորդությանը։
Ինչ վերաբերում է դատախազների դիրքորոշմանը, Հ. Ալումյանը տեղեկացրել է, որ դատախազական խումբը չի առարկել ներկայացված միջնորդությանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կարծիքն է, այլ դատարանի դիրքորոշումը
- Գլխավոր դատախազ. Այս փուլում անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ գտնվի
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
- Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան