Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կարծիքն է, այլ դատարանի դիրքորոշումը
«Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ այն՝ վերջում հիմնավոր կհամարի արդյոք դատարանը ներկայացված փաստարկները, թե՞ ոչ»,-Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի հայտարարությանը։
Օրբելյանը հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հիմքեր գլխավոր դատախազն իսկապես տեսնում է, ու դա զուտ պնդում չէ։
«Երեկ գործի՝ ըստ էության քննություն տեղի չի ունեցել, ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը տեսնում է հիմքեր։ Եթե պարզվեց, որ հիմքեր չկան, բայց դատախազը պնդում է միջնորդությունը, խնդիր կտեսնեմ»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, վերաքննիչում նոր փաստարկներ չեն կարող ներկայացվել, քանի որ այստեղ ստուգվում է առաջին ատյանի դատարանի գործընթացի օրինականությունը, կա նաև Վճռաբեկ դատարանի արձանագրված դիրքորոշում, որի շրջանակներում պետք է քննվի։
Ինչ վերաբերում է վերջին նիստերին գլխավոր դատախազի մասնակցությանը, ապա Օրբելյանը նկատեց՝ ճիշտ կլիներ, եթե դատախազը կամ նրա տեղակալը նիստերին ներկայացված լինեին առաջին իսկ օրից։
«Շատ տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետև ակնհայտորեն, սա բարդ գործ է։ Սակայն ձեր կոլեգաները նկատել են, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործով նիստերին գլխավոր դատախազը չի եղել, և դա որոշակիորեն տարակուսանք է առաջացնում, ուղղակի տարօրինակ է, որ ինքը ներկա է, բայց մենք դեմ չենք, ճիշտ է, որ բարձր ներկայացչություն ապահովի մեղադրական կողմից»,-ասաց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազ. Այս փուլում անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ գտնվի
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկ կներկայացնի դատավորին
- Մեկնարկեց Ռ. Քոչարյանի կալանավորման որոշման վերաբերյալ բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին
- Հայտնի է, թե Վերաքննիչի որ դատավորը կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը
- Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին