Արցախում գյուղատնտեսական միջոցառումների համար պետբյուջեից կհատկացվի շուրջ 2.5 միլիարդ դրամ
«Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրի» համար 2019 թ պետական բյուջեով նախատեսվում է 2 միլիարդ 462 միլիոն 514 հազար 800 դրամ՝ 2018 թվականի 2 միլիարդ 168 միլիոն 65 հազար 300 դրամի փոխարեն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մանրամասնելով, որ այդ թվում՝ «Ազնվացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում» ծրագրով 2019 թ նախատեսվում է հատկացնել 150 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակում կիրականացվի ֆիզիկակական և իրավաբանական անձանց տրամադրվող ազնվացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում:
«Արտեզյան ջրհորների կառուցում, վերանորոգում» ծրագրով նախատեսվում է հանրապետության մի շարք գյուղական համայնքներում իրականացնել նոր արտեզյան հորերի հորատում, նախկինում գործող արտեզյան ջրհորների վերանորոգում՝ հաշվի առնելով այդ համայնքներում ոռոգման ջրի բացակայությունը և մշակաբույսերի բերքատվության բարձրացման անհրաժեշտությունը: Այդ միջոցառման համար 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 400 միլիոն դրամ:
«Աջակցություն «Տոհմային կայան» ՓԲԸ-ին» ծրագրով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 114միլիոն 514 հազար 800 դրամ, որը կուղղվի ՓԲԸ-ի կողմից պարտավորությունների գծով կատարվելիք վճարումների մարմանը:
«Փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցություն» ծրագրով հանրապետությունում 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 450 միլիոն դրամ: Նշված գումարը կուղղվի գյուղատնտեսության զարգացման գործում ռազմավարական նշանակություն ունեցող արտադրությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտներին աջակցելուն:
«Բազմամյա կերային խոտաբույսերի մշակություն» ծրագրով նախատեսվում է հանրապետությունում կերարտադրության և անասնաբուծության զարգացման նպատակով 2019 թվականին իրականացնել կերային բազմամյա խոտաբույսերի մշակություն (կորնգան, առվույտ) 100 միլիոն դրամ արժեքով՝ նախորդ տարվա 50 միլիոն 247 հազար 200 դրամի դիմաց:
«Հակահրդեհային միջոցառումների իրականացում» ծրագրով հանրապետությունում նախատեսվում է հացահատիկի ցանքսերում շրջվարչակազմերի և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջոցով 2019 թվականին իրականացնել հակահրդեհային պաշտպանիչ միջոցառումներ՝ 30 միլիոն դրամի չափով:
«Դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում» միջոցառման նպատակը հացահատիկային և կերային մշակաբույսերի բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար համայնքային և դաշտամիջյան ճանապարհների բարելավումն է, որի համար կհատկացվի 18 մլն դրամ: 2019 թվականին պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շրջվարչակազմերի հայտերի հիման վրա իրականացնել 18 միլիոն դրամի չափով աշխատանքներ: