Թրամփը կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը՝ Ուկրաինա-ՌԴ լարվածության պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ կարող է չեղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի ծովային բախումից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Թրամփը Washington Post-ին ասել է, որ սպասում է «ամբողջական զեկույցին», երբ ՌԴ նավերը կրակ էին բացել ու բռնագրավել ուկրաինական ռազմական 3 նավեր կիրակի օրը։
«Հնարավոր է, ես չհանդիպեմ։ Ես չեմ սիրում այդ ագրեսիան։ Ես չեմ ցանկանում այդ ագրեսիան»,-ասել է Թրամփը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթվա վերջին Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Թրամփն ու Պուտինը պետք է քննարկեին անվտանգության, սպառազինությունների վերահսկման. Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի խնդիրները։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը Եվրոպական երկրներին կոչ է արել ավելին անել՝ Ուկրաինային աջակցելու համար։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է առավել խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ուկրաինական ռազմական նավերը Ազովի ծովում հատել են իր սահմանը, որի արդյունքում 3 նավեր առգրավվել են, 24 նավաստիներ ձերբակալվել են ու 3-ը վիրավորվել։ Ղրիմի դատարանն ավելի ուշ որոշում էր կայացրել 12 ուկրաինացիներին 60 օրով կալանավորելու մասին։ Մյուսների նկատմամբ դատարանի որոշումը սպասվում է այսօր։
Ուկրաինան Ռուսաստանի քայլը համարում է «ագրեսիա», Ռուսաստանն էլ իր հերթին Ուկրաինային մեղադրում է «սադրանքի» մեջ ու նշում, որ նրա նավերն անօրինական մուտք են գործել իր ծովային ջրեր։
Ուկրաինայում տեղի ունեցածի հետևանքով ռազմական դրություն է հաստատվել նոյեմբերի 26-ից՝ 30 օրով, նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից ներկայացված 60 օրվա փոխարեն։ Ռազմական դրությունն աննախադեպ է Ուկրաինայի համար, որը զինվորական իշխանությանը իրավունք է տալիս արգելել ցույցերն ու բողոքները, սահմանափակել անգամ մամուլի գործունեությունը։