Ունենք վիրավորանքի, այլատյացության աճ. Արման Թաթոյան
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առարկայական ձեռքբերումներից են՝ ՄԻԵԴ-ում մի քանի գործերով երրորդ կողմ միջամտելու փաստը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը՝ զինծառայողների, խոշտանգումների կանխարգելման և մի շարք այլ գործեր»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Խոշտանգումների կանխարգելման ոլորտում ՄԻՊ-ի 10-ամյա գործունեությանը։
«Դրանից բացի՝ Եվրոպայի խորհրդի կողմից մեր փորձն առաջարկվել է մի քանի երկրների։ Միջին Արևելքից, Կենտրոնական Ասիայից, Հյուսիսային Աֆրիկայից և Եվրոպայից որոշ երկրներ այժմ ուսումնասիրում են մեր փորձը՝ ներդնելու համար»,- պարզաբանեց Արման Թաթոյանը։
Որպես մյուս ձեռքբերում՝ ՄԻՊ-ը մատնանշեց ներքին աշխատանքային մի շարք տարանջատումները։ Նրա խոսքով, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն ունեն աշխատանքի բարձր երաշխիքներ. «Նրանց արգելվում է հարցաքննել, նրանց մուտքի արգելքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, նրանք հասանելիություն ունեն մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած նյութի»։
Խոսելով իրենց աշխատանքի բացթողումներին՝ ՄԻՊ-ն առանձնացրեց ՔԿՀ-ներում առկա խնդիրները։ Դրանցից գլխավորը համարեց դատապարտյալներին ազատ արձակման նախապատրաստման մեխանիզմի անարդյունավետությունը. «Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը պետք է ունենա բարձր արդյունավետություն։ Ցավոք սրտի, տարիների ընթացքում այս ոլորտին բավարար ուշադրություն չի դարձվել, ազատազրկման վայրում մարդու հետ չենք տարել ազատ արձակմանը նրան նախապատրաստելու բավարար աշխատանք, և վերջում ասել ենք՝ նա պատրաստ չէ ազատ արձակման։ Պետության կողմից պարտականությունների թերի կատարման պատճառով մարդը չի կարող զրկվել ազատ արձակվելու հնարավորութունից։ Մենք կառավարության հետ աշխատում ենք այս ուղղությամբ։ Մարդը, երբ մուտք է գործում ՔԿՀ, նրա հետ պետք է անհատական աշխատանքներ կատարվեն»։
Նա նաև ուշադրություն հրավիրեց հոգեբուժարաններում առկա լրջագույն խնդիրների վրա։ Մասնավորապես, ՄԻՊ-ն առանձնացրեց այդ կառույցներում վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը. «Այժմ այս ուղղությամբ աշխատում ենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ»։
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց գրասենյակի կողմից արձանագրված խախտումներին՝ ՄԻՊ-ն առայժմ չցանկացավ առանձին դեպքեր մատնանշել՝ նկատելով միայն, որ խախտումներ կան։ Թաթոյանը խոստացավ ամբողջական գնահատականով հանդես գալ ավելի ուշ։
«Քարոզչությանը չեմ ուզում որևէ գնահատական տալ, դա իմ իրավասությանը չի վերաբերում, սակայն ցավոք սրտի, ունենք վիրավորանքի, այլատյացության աճ։ Ես սա մտահոգիչ եմ համարում։ Վիրավորանք, ատելության խոսքի դրսևորում սոցիալական ցանցերում կա հատկապես կեղծ օգտատերերի կողմից։ Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը շատ դեպքերում տարածվում են կեղծ հաշիվների կողմից»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ես կանխատեսել էի, որ պետք է լինի կոպիտ, սև PR-ով քարոզարշավ. Լարիսա Ալավերդյան
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
- Հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն. Գ. Աբրահամյան
- Նախընտրական վիճակագրություն