Այնպիսի խորհրդարան ձևավորեք, որ մենք խորհրդարան ցրելու կարիք չունենանք. Մարուքյանը՝ արտաշատցիներին
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների երրորդ օրը՝ նախընտրական քարոզարշավը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսեց Շենգավիթ վարչական շրջանում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ՆԺդեհի հրապարակի մոտ հանդիպեց շենգավիթցիների հետ, բարձրախոսով ներկայացրեց իրենց համամասնական ցուցակի առաջին չորս տեղերը զբաղեցնողների անուն-ազգանունները, ծրագրային դրույթները:
Նա նշեց, որ իրենց կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է երկիրը կառուցելու պատրաստ թիմով:
«Դեկտեմբերի 9-ին ընտրեք թիվ 5-ը, ընտրեք լուսավորը: Նոր Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք կառուցելու մեր երազանքների երկիրը, այն Հայաստանը, որտեղ մարդն է գերագույն արժեք, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է ազնիվ աշխատանքով ապրել արժանապատիվ և երջանիկ, այն Հայաստանը, որտեղ մեր երեխաներն ունեն երազանքներ, դրանց հասնելու հնարավորություն ու հստակ ճանապարհ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ այդպիսի Հայաստան կերտելու համար է «Լուսավոր Հայաստանը»-ն իր պրոֆեսիոնալ թիմով մտել պայքարի մեջ:
Նույն ժամանակահատվածում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մյուս խումբը՝ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, քարոզարշավ էր անցկացնում Արտաշատում:
Նրանք արտաշատցիներին ներկայացրեցին նախընտրական ծրագրի սոցիալական բաղադրիչները, որոնց իրագործման արդյունքում ՀՀ քաղաքացիները կապրեն լուսավոր ու ապահովված երկրում:
Իր ելույթում Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև «Սասնա Ծռեր»-ի այն հայտարարությանը, թե 7-րդ գումարման Ազգային ժողովը գործելու է ընդամենը 1,5 տարի:
«Բայց ինչի՞ համար, ով է ասո՞ւմ, կարո՞ղ ա մեր ժողովուրդը բանուգործ չունի ու 1,5 կամ 2 տարին մեկ նոր պառլամենտ ընտրի: Մենք ասում ենք՝ ոչ, որովհետև այն հեղափոխությունը, որը եղել է Հայաստանում, դա Սահմանադրության յուրաքանչյուր դրույթը պահպանելով է եղել, և հիմա ով ասում է՝ այս պառլամենտը կյանք չունի, դա արդեն հակասահմանադրական է, սահմանադրությանը դեմ հայտարարություններ են անում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ այս հայտարարություններով փորձում են մարդկանց նորից գցել «անտարբերության ծուղակը», նրանց հետ մղել իրենց որոշումներից, մարդկանց ասել, որ էական չէ նրանց ընտրությունը:
«Սիրելի արտաշատցիներ ջան, դեկտեմբերի 9-ը պատմական օր է, և դուք պետք է այնպիսի խորհրդարան ձևավորեք, որ հակառակը, այն այնքան ամուր լինի, այնքան բազմազան լինի, այնքան հակակշռված լինի, որ մենք կարիք չունենանք որևէ ցնցման, որևէ հեղափոխության, խորհրդարան ցրելու, մարդկանց նորից ընտրություններ տանելու: Մեզ համար դեկտեմբերի 9-ից աշխատելու, կառուցելու, պետական շինարարությամբ զբաղվելու ժամանակներն են գալիս»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան