Ոստիկանությունը՝ «Ազգային առաջընթաց»-ին. Հակառակ դեպքում այն կարել է որակել էժանագին հնարք
«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը տարածել էր հայտարարություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։ Ըստ Հայկ Գրիգորյանի` ահազանգը ստացել են տեղի բնակիչներից։
Գրիգորյանին արձագանքել է ոստիկանությունը։ Իրավապահ այս մարմնից պարզաբանում են.
«Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիմա վրա։ Եթե անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, նրա տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակ։ Անկախ նրանից, անձը քանի տարի է բացակայում երկրից, ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և ընտրողների ցուցակներից։
Ինչ վերաբերում է ցուցակներում առկա մահացած անձանց վերաբերյալ տվյալներին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավական ընթացակարգը լիարժեք ստեղծում է հնարավորություն նախնական ցուցակների հրապարակման եղանակով պարզելու՝ դրանցում առկա՞ են անճշտություններ, թե՝ ոչ։ Ընտրողների նախնական ցուցակները հրապարակվել են 19.11.2018թ.։
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և տարածել «Թեժ գիծ» հեռախոսահամար (011-37-02-36): Հրապարակման հեղինակի կողմից նշված հասցեով մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել ոչ քաղաքացիների և ոչ նրա կողմից։ Այս պահի դրությամբ «Թեժ գծով» ստացվել է մահացած անձի վերաբերյալ մեկ տեղեկաատվություն, այն դեպքում, երբ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արյդունքում հայտնաբերվել են մոտ 1.800 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք հասու չեն եղել բնակչության պետական ռեգիստրին։
Հորդորում ենք տեղեկատվություն տարածելիս ներկայացնել փաստեր։ Հակառակ դեպքում այն կարել է որակել նախընտրական շրջանում ուշադրություն հրավիրելու էժանագին հնարք»։