Գագիկ Ծառուկյան. Բանկային համակարգ չունենք, դա լոմբարդային համակարգ է
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր Սիսիանում բնակիչների հետ խոսեց վարկերի հասանելիության, տոկոսադրույքների իջեցման, աշխատավարձերի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, հարկերի իջեցման անհրաժեշտության մասին։
«Եթե հիմա մի գործարար ունի հարյուր աշխատատեղ, պետությանը հարկ է տալիս ամսական 10 մլն դրամ, հարյուր ընտանիք պահում է, ուրեմն պետք է էդ մարդուն ասել՝ հարկ մի տուր, գիտենք՝ վիճակը ծանր է»,-իր ելույթում նշեց Ծառուկյանը։
Նա այստեղ էլ անդրադարձավ վարկերի խնդրին, նկատեց՝ Հայաստանում չկա բանկային համակարգ։
«Բանկային համակարգ չունենք, կա լոմբարդային համակարգ։ Եթե մարդ վարկ է ուզում, պետք է գրավ դնի։ Ոսկեղենը, անշարժ գույքը գրավ են դնում, հաշվարկում են, եթե գույքն արժե 10 հազար դոլար, քաղաքացուն տալիս են 3 հազար դոլար վարկ, տոկոսադրույքն էլ դնում 8, 10, 12, 14 տոկոս։ Փակեց, փակեց, չէ, բանկը ոչ մի բան չի կորցնում»,-ասաց Ծառուկյանը, ավելացնելով, որ ամենաբարձրը պետք է լինի 2-4 տոկոս։
Նրա խոսքով, այսօր մարդիկ բանկերի օգնությանը դիմում են ճարահատյալ, կամ բուհի վարձը վճարելու, կամ հիվանդ հարազատին օգնելու համար։
Նա հավաքվածներին հարց ուղղեց, այստեղ գտնողներից ովքե՞ր են վարկի տակ։ Շատերն արձագանքեցին՝ մենք։
«Ժողովուրդը, որ բարձր տոկոսով վարկի տակ է, ժողովուրդը ո՞նց պիտի ապրի։ Պետք է թեթևացնեն ժողովրդի հոգսը, որոշակի թեթևացում անեն բանկերը, մի մասն էլ՝ պետությունը։ Պետք է գյուղացուն արարելու հնարավորություն տան, որ ժպիտը դեմքին աշխատի, չթողնի գնա»,-ասաց Ծառուկյանը։
Ի դեպ, նախընտրական հավաքին մասնակցում էր նաև Սյունիքի և Վայոց Ձորերի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկեր չեն բարձրացնում
- Իմ շանսերը, մեր շանսերը բոլորը կախված են մեր ժողովրդից. Գագիկ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում