Մինչև այս պահը Հայաստանում լուծված չէ ոչ ստվերի, ոչ մենաշնորհների հարցը. Խ.Քոքոբելյան
«Մենք» դաշինքը շարունակում է իր քարոզարշավը Հայաստանի տարբեր մարզերում։ Այսօր դաշինքի պատգամավորության թեկնածուները Լոռու մարզն էին։
Սպիտակցիների հետ հանդիպմանը ցուցակը գլխավորող Արամ Սարգասյանն ասաց, որ ամեն ընտրությանը գործող իշխանության ծրագրում աղետի գոտու մասով բան կա գրված։
«Գրած-մրած, ասած բաները հեչ, ժողովուրդ։ Ով գալիս ու ասում է, որ աղետի գոտու համար բան եմ անելու, սուտ է ասում, չի կարղ անել, որովհետև մենակ աղետի գոտու համար անելով չէ։ Երկիրը պետք է երկիր դառնա, պետությունը պետք է հարստանա, մարդիկ պետք է աշխատանք ունենան, աշխատատեղեր պետք է լինեն, լրացուցիչ գումարները գա, մտնի պետական բյուջե, որ պետությունը փող ունենա, վարչապետն էլ գա, շենք սարքի ու բանալին տան։ Նախկինները մտածում էին, ինչ անեն՝ էս երկիրը թալանեն, նորերն էլ նոր են եկել, նոր մարզպետեր, նոր գյուղապետեր, ջահել երեխեք, մինչև սովորեն, մինչև էս կողմ, էն կողմ...։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ժողովուրդ, այս իրավիճակներից դուրս գալու հիմնական միջոցը մեր երկրում ունեցած բնական ռեսուրսներն օգտագործելու մեջ է։ Մեր պղինձը ոչ թե պետք է հանքանյութ դառնա ու գնա դրսերը, դառնա պղինձ, այլ մենք ունենանք պնղձաձուլական գործարան։ Թեթև արդյունաբերության ոլորտում մեր վարպետները շատ բարձր վարպետություն ունեն, մեր արածը որակով է, մենք պետք է որակի վրա գնանք։
Այս բաները պետք է արվեն, պետությունը կհարստանա, դոմիկում ապրող մարդ չի լինի, էս բաները չենք անի, թղթի վրա ինչքան ուզում ենք, գրենք»,- ասաց Արամ Սարգսյանը։
Ցուցակի պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իրենց դաշինքում հավաքված են մարդիկ, ովքեր սկզբունքային գործիչներ են, իրենց տեսակետները, կարծիքները երբեք չեն փոխել։
«Մենք ներկայացնում ենք ծրագիր, որտեղ ցանկացած թիվ փաստարկված է, խիստ հաշվարկված է»,- ասաց նա։
Խ. Քոքոբելյանի խոսքով, Հայաստանում գազի գինը պետք է իջեցվի և հնարավոր է 30 տոկոսով, էլեկտրաէնեգիայի սակագինը իջեցվի 10 դրամով, մանկավարժների, բժիշկների, պաշտպանության ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրացվի 25 տոկոսով, կենսաթոշակները բոլոր մակարդակներում բարձրացվի 25 տոկոսով, մինչև 10 տարեկան երեխաների, կենսաթոշակային տարիքում գտնվող քաղաքացիների բուժսպասրակումը լինի անվճար։
«Ինչպե՞ս ենք դա անելու, որտե՞ղ են այն գումարները, որոնցով կարող ենք այդ խնդիրները լոծել։ Հայաստանի ՀՆԱ-ն 11,56 միլիարդ դոլար է, Հայաստանի բյուջեն 2,7 միլարդից մի փոքր պակաս է։ Հայաստանում ստվերը 35 տոկոսից ցածր չէ։ Այսինքն ստվերում գտնվում է ամենաքիչը 3,5 միլիարդ դոլար, որի միայն հարկահանությունից առնվազն 1 միլիարդ դոլար կգոյանա։ Այդ 1 միլիարդը լրիվ հնարավորություն է տալու առաջին փուլում թոշակների, աշխատավարձերի բարձրացման համար։
Ցավոք, մինչև այս պահը Հայաստանում լուծված չէ ոչ ստվերի, ոչ մենաշնորհների հարցը, մինչև այս պահը նույն ընկերություներն են խոշոր ու եկամտաբեր ուղղություններով ներկրում անում, նույն ընկերություններն են այդ հնարավորություններն օգտագործում»,- նշեց Խ. Քոքոբելյանը։
«Մենք» դաշինքի պատգամվորության թեկնածուի խոսքով, մենաշնորհի վերացումը կստեղծի նոր աշխատատեղ, կկայացնի գնաճը, կստեղծի իրական գին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ից մինչև ՔՊ Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում. Արամ Սարգսյան
- Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, և ես ուզում եմ օգնած լինել նրան. Արամ Սարգսյան
- Տասնյակ հազարավոր աշխատողներ չգիտեն՝ ընտրությունից հետո աշխատելու են, թե նոր եկածը հանելու է. Արամ Սարգսյան
- Մեր շփման գծի սահմանին ժամկետային զինծառայողներ չպետք է կանգնեն. Արամ Սարգսյան
- «Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը
- Արամ Սարգսյանը կարծում է՝ ՀՀԿ-ն և ՔՊ-ն էլ կարող են դաշինք կնքել
- «Եթե մարդն ուզում է քաղաքականության մեջ լինել, պիտի հրապարակային գործի». Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան