ՕԵԿ նախագահն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը
«Այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 200 հազար միայնակ մայր, (իրական կյանքում նրանց թիվն ավելի մեծ է), և այդ է պատճառը, որ ՕԵԿ-ն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի մասին օրենքը։ Այն թույլ կտա, որ յուրաքանչյուր մայր ձևավորի մայրական կապիտալ՝ գումարն օգտագործելու ոչ միայն երեխայի կրթության և դաստիարակության, այլ նաև մնացած ծախսերը հոգալու համար։ Մենք համառ և հետևողական ենք լինելու, որովհետև այս օրենքը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ»,- այսօր տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Նա կարևորեց նաև սոցիալական առանձին խմբերի խնդիրները։ Անդրադառնալով փախստականներին՝ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց վերջիններիս կեցության անմարդկային պայամանները։
Մեկ այլ դրույթով, ըստ ՕԵԿ-ի ղեկավարի, իրենք անելու են ամեն բան՝ Հայաստանում սկիզբ դնելու առանց կանխավճարի հիպոտեկային վարկերի ինստիտուտին։
«Մենք առաջարկում ենք, որ ոչ մի կանխավճար չլինի, տարեկան տոկոսադրույքը չպետք է գերազանցի 5 տոկոսը։ Քանի երեխա ունես, պետությունն այդքան տոկոսով պետք է սուբսիդավորի վարկը։ Մեկ երեխա՝ մեկ տոկոս սուբսիդիա, երկու երեխա՝ երկու տոկոս և այսպես շարունակ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանում պետք է զարկ տրվի պետական, համայնքային, սոցիալական բնակարանաշինությանը։
Բաղդասարյանը հայտարարեց՝ Հայաստանի առջև մարտահրավերները շատ են, սակայն նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, 50 կետից բաղկացած ծրագիրը տալիս է հազարավոր հարցերի պատասխաններ։
Ինչ վերաբերում է առողջապահական ոլորտի խնդիրներին՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ժամանակն է՝ օր առաջ երկրում ներդնել առողջապահական ապահովագրական համակարգը։
«Բերեցին, պարտադիր կուտակային համակարգը փաթաթեցին մեր վզին։ Սա միանգամայն մերժելի համակարգ է, երբ դրա փոխարեն կարելի էր անցում կատարել առողջապահական ապահովագրության քաղաքակիրթ համակարգին»,- ասաց ՕԵԿ նախագահը։
Անցում կատարելով սոցիալական ոլորտի խնդիրներին՝ Բաղդասարյանը հիշեցրեց, որ իրենք կարողացել են վերադարձնել 212 հազար քաղաքացու դրամական ավանդները։
«Մեր քաղաքական ուժի հաղթանակը նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ՝ ներառյալ մահացած ավանդատուների ժառանգներին։ Մենք անցած տարի հաշվարկներ ենք արել, ավանդների վերադարձին արդարացիորեն սպասում է մոտ 250 հազար մարդ։ Այսօր Հայաստանում կա 461 հազար կենսաթոշակառու, որոնք իրենց ստացած թոշակով չեն կարողանում գոյատևել»,- ասաց ՕԵԿ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ. ՕԵԿ
- Որոշ գյուղապետեր ջիպերով են ման գալիս՝ անհաղորդ իրենց համայնքների խնդիրներին. Բաղդասարյան
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել
- Սխալները մարդու համար են, մենք բազմիցս ներողություն ենք խնդրել. Արթուր Բաղդասարյան
- ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան