Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 8.2%-ով ավելացել է
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 21 680.7 հազար տոննա, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով։
Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2018 թվականի 9 ամիսներին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է 8.2%-ով և կազմել 18 266.0 հազար տոննա։
Հաշվետու ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 155.1 հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը 2017թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 9%:
Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ 2018 թ-ի հունվար-սեպետմբերին իրականացվել 1 246.6 հազար տոննա (աճը մնացել է անփոփոխ), իսկ օդային ճանապարհով՝ 13 հազար տոննա բեռնափոխադրում (նվազելով՝ 24%)։