ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, կան շատ ավելի էական հարցեր. Փաշինյան
«Մենք, ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք որևէ մեկի հետ մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ինչը ժառանգել ենք այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում»,- այս մասին այսօր Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակին:
Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների, իրենք մտադիր չեն լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները:
«Մենք մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ: Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ-ում հստակեցնենք մեր պարտավորությունները դաշնակիցների առաջ և հստակեցնենք մեր դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ, կազմակերպության պարտականությունները մեր առաջ: Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է և մեզ համար ստեղծելու է ավելի ու ավելի մեծ խնդիրներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, շատ ավելի կարևոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում: Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի և Արցախի շահերը»:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, թե ներկայիս իշխանությունները կասեցրել են արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք ոչինչ չենք կասեցրել: Ո՞վ է մեզ մեղադրում ինչ-որ բան կասեցնելու համար: Ընդհակառակը, մենք այս ընթացքում բանակցային շատ կոնկրետ արդյունքներ ենք արձանագրել, ինչի ապացույցը սահմանին, առաջնագծում տիրող համեմատական խաղաղությունն է, և հրադադարի ռեժիմը երբեք այնքան չի պաշտպանվել վերջին 15 տարիների ընթացքում, քան հիմա: Բայց սա ոչ մի բան չի նշանակում, մենք հասկանում ենք, որ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստան ու Ադրբեջանն ունեն տարբեր ընկալումներ և պատկերացումներ: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի»:
Նա նաև հիշեցրեց՝ ինքը հայտարարել է, որ բանակցելու է բացառապես Հայաստանի անունից, չի կարող բանակցել Արցախի իշխանությունների անունից:
«Կարևոր ենք համարում Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց: Այո, նախորդ իշխանությունների կոպտագույն սխալն ենք համարում Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին