Նիկոլյա Ազնավուրը պատմել է, թե ինչպես է շանսոնյեն 1988 թվականին մոբիլիզացրել համաշխարհային հանրությունը
Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում նոյեմբերի 28-ին կայացել է «Բարեգործության տարեգրություն» անունով երախտիքի արարողությունը, որը կազմակերպել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը և Ազնավուրի հիմնադրամը: Դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ միջոցառումը նվիրված է եղել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կինը՝ Աննա Հակոբյանը, Հայաստանի ազհային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ուրիշներ։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր ելույթում ասել է, որ երախտիքի արարողությունը տեղի է ունենում ողբերգական երկրաշարժի 30-րդ տարելիցի նախաշեմին, որի ժամանակ ավելի քան 25 հազար մարդ է զոհվել։
«Հայաստանը երբեք չի մոռանա մարդկանց և ազգերի գործողությունները, որոնք հայերի համար պատմության այդ դժվարին ժամանակ անտարբեր չէին։ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից մինչև Սպիտակի երկրաշարժ մեր պատմությունը լի է մարդասիրության անհավանական օրինակներով»,- ասել է դեսպանը ու նշել, որ ոչ միայն շնորհակալ են ամբողջ աշխարհին, նաև հայտարարում են իրենց ձգտումների մասին՝ լինել նրանց կողքին, ովքեր իրենց կարիքն ունեն։
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև բարերար, սոցիալական ներդրող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլյա Ազնավուրը: «Այս միջոցառումը կոչված է դառնալ սոցիալական տրանսֆորմացիաների ներշնչման և աջակացության գլոբալ խորհրդանիշ: Եթե մենք ուզում ենք փոխել մեր հասարակությունը, եթե վճռական ենք տրամադրված, որպեսզի ապագա սերունդներն ապրեն լավագույն պայմաններում, մենք պետք է ցույց տանք աշխարհին ապրումակցման և վեհանձնության իրական արժեքը, որը մոտիվացնում է ժամանակակից հերոսներին: Դա է Ավրորայի առաքելությունը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Իր հերթին Նիկոլյա Ազնավուրը պատմել է, թե ինչպես է լեգենդար շանսոնյեն 1988 թվականին մոբիլիզացրել համաշխարհային հասարակությանը Հայաստանին օգնելու համար: «Իմ հայրը առաջիններից էր, որ արձագանքեց 1988-ի ողբերգությանը, միանգամից անցնելով գործի: Նույն այդ գիշերը նա Ժորժ Գարվարենցի հետ գրեց «Pour toi Armenie» երգը՝ մոբիլիզացնելով արտիստների Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, այնուհետև նաև ողջ համաշխարհային հասարակությունը: Անհատականությունների առկայությունը, որոնք ի զորու են իրենց շուրջը համախմբել մարդկանց և որոնք ունակ են ապրումակցելու, ամբողջ մարդկության բարգավաճման համար առանցքային գործոն է»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում